Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Այս էջը սրբագրված է

Զ.

Ձմեռնամուտին, շրջակա գյուղերեն շատեր Պոլսեն դարձան եկան. ամուսիններ, նշանածներ ու աղջիկներ խնդացին, գյուղային ու ընտանեկան կյանքը իր բոլոր սուրբ ու մաքուր եռանդովը վերակենդանացավ:

Խաչոն այդ վերադարձողներեն էր. արտ մը ու զույգ մը եզ գնելու չափ ստակ ժողվեր ու եկեր էր. նշանած էր արդեն ու հարսնիքը չուշացուցին. Մարտիրոսի մեկ հորեղբայրը կնքահայր եղավ, ամենքը կը սիրեին Խաչոն. ուրախության, տոնի օր մը եղավ հարսնիքին օրը։

Զարդար հոն էր. իրեն ալ ճիշտ վեց տարի առաջ այսպես ուրախությամբ տոներ էին հարսնիքը, դրացի ու գյուղացի եկեր էին, այո՛, ճիշտ այսօրվա պես հազար մաղթանքներ ընելու: Բայց քանի մը օր վերջը էրիկը ձգեր գացեր էր զինքը ու ա՛լ չէր երևցեր, և իր առանձնությունն ու լքումը ամոթ մը կը թվեր իրեն՝ այս ցնծահույզ բազմության մեջ։

Ետ դարձան, հետևյալ օրը իրենց ամայի տնակը բոլորովին մութ ու խավար երևցավ իր աչքին։

Գուցե տասներորդ անգամը ըլլալով սրտաբուխ ուխտով եկեղեցի վազեց ու տիրամոր պատկերին առջև արտասվելով իր խնդիրքը ըրավ. և տիրամայրը, արծաթե թագը գլխուն, ունկնդրեց իր սևցած ոսկեզօծ շրջանակեն, ինչպես շատերուն աղաչանքներուն էր ունկնդրած։

Ապա ձմեռը հասավ իր բոլոր սաստկությամբ, իբրև թե այս հայրենիք դարձողներուն հիշեցնելու համար որ հարմար ժամանակին հասած էին հայրենի վառարանը։

Ու Պոլսեն լուրեր, տեղեկություններ կու տային գյուղե գյուղ անոնց վրա որոնք այս աշնան չէին կրցած միասին դառնալ. Կարապետ հաջորդ տարին, իսկ Կիրակոս մյուսին պիտի դառնար։ Միայն Մարտիրոսի վերադարձին խոսքը չկար։ Հետո ձյուն ու սառույց ամեն կողմ, ամեն ոք իր տան մեջ փակված, և այսպես տարի մը ևս լրացավ։