Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/9

Այս էջը սրբագրված է

Հետագայում նա հրատարակեց երկու այլ իրավագիտական աշխատություն, որոնցից մեկը՝ ֆրանսերեն՝ տպագրեց Փարիզում: Իր իրավագիտական աշխատություններում նա պաշտպանում է օրենսգիտական առաջավոր հայացքներ, պաշտպանում է ժողովրդի շահերը՝ հակադրվելով միապետական օրենքներին:

Փաստաբանական գործունեությունը շուտով Զոհրապին բերում է մեծ հռչակ։ Իրավաբանական հմտությունը, ինչպես և հռետորական բացառիկ կարողությունն ու երկաթե տրամաբանությունը նրա զենքերն էին դատարանում, որոնցով նա փրկում էր բազմաթիվ կյանքեր՝ առանց ազգի խտրության, այդ թվում և բազմաթիվ հեղափոխականների։ Զոհրապի բազմաբնույթ գործունեությունը, ըստ էության, մի հարատև պայքար էր բռնապետական իրականության դեմ, ուստի ամենևին պատահական չէ, որ նրան մի քանի անգամ ձերբակալում են։ Սուլթան Համիդը նույնիսկ ցանկանում է նրան հեռացնել Պոլսից, իսկ 1905 թվից հետո, մի բուլղար հեղափոխականի խոշտանգելու պատճառով թուրքական իշխանությունների դեմ վարած դատի համար, Զոհրապին արգելում են փաստաբանությամբ զբաղվել, և նա ստիպված մեկնում է արտասահման՝ այնտեղ մնալու մտադրությամբ։

Նշանակալից, Զոհրապի պայքարը նաև միջազգային ռեակցիայի դեմ, հատկապես Դրեյֆուսին հայտնի դատի առթիվ։ Զոհրապը այդ դատի մեջ՝ իբրև երևույթի՝ տեսնում էր ոչ միայն հրեաների, այլև առհասարակ փոքր ազգերի հալածանքի փաստը և այդ մտահոգությամբ էլ նա գրում է մի ընդարձակ պաշտպանողական և ուղարկում Փարիզ՝ Դրեյֆուսին պաշտպանող հրեական կազմակերպության, որից ստանում է շնորհակալագիր և կոճակ՝ Դրեյֆուսի մանրանկարով, դրանք Զոհրապին է մատուցում Պոլսի հրեա գաղութի պատվիրակությունը։

Զոհրապի երկրից հեռանալը ցավով է արձանագրում Պոլսի հայ մամուլը և, եզովպուսյան լեզվին դիմելով, նշում նրա մաքառման պատվավոր ուղին։ Այս տեսակետից բնութագրական է Լույս հանդեսում տպված մի դիմաստվերը, որի մեջ, նմանեցնելով Զոհրապին «ամրակառույցս» շենքի, «որուն վրայեն ժամանակը, հովերն ու ամեն տեսակ զգացումները կանցնին առանց իսկ շաղախի կտոր մը փրցնել կարենալու», բացառությամբ այն բանի, որ մազերն են դառնում «աղաբեկ», դիմաստվերի հեղինակը շարունակում է.

«Այս գունաթափ մազերը սակայն պատվանշանի պես բան մըն են իր գեղեցիկ և անաղարտ գլխուն վրա. խոշտանգված ճյուղերը փոթորկին կուրծք տվող և կրկին անսասան կեցող ծառի մը որ հպարտությամբ կը կրե զանոնք՝ հովերու տարբեր և զայրագին հոսանքներուն դեմ մղած մարտերը հռչակող պատվո վկայականներու պես. կամ գնտակներե ծակծկված, կտրատված դրոշ՝ որ իր բզքտված վիճակին մեջ մանավանդ պատվաբեր կդառնա, իբր անխարդախ վկա կրակին սաստկության»:

Ավելի պարզ-ասել անհնար էր ժամանակի գրաքննության պայմաններում, սակայն այսքանով էլ դիմաստվերի հեղինակը՝ Ա. Անտոնյանը, ցույց է