Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/440

Այս էջը սրբագրված է

ՈՉ — ԿԱԹՈՒՂԻԿԵ

Ֆրանսացիները Հայր Լորիգյոն ուհին։

Այս տարօրինակ մարդը, եռանդուն կրոնավոր հեղինակն է հանդուգն կերպով խեղաթյուրված ֆրանսական պատմության դասագրքի մը։ Բավական ատեն այս հերյուրված դասագրքին վրայեն կավանդվեր պատմության դասը կղերական վարժարաններու մեջ։ Մեր մեջ Հայր Լորիգյոները շատվոր են, ամբողջ միաբանություն մը կը ձևացնեն և Ադրիականի մեկ կղզյակին մեջ հաստատված՝ մեր եկեղեցական պատմությունը անդրալեռնական տոգորումներով սրբագրելու կաշխատին։

Առաջուց ի վեր չէի անգիտեր որ Մխիթարյան միաբանությունը իր բանասիրական հետազոտությանց քով կամ անոնցմե առաջ փրոփականտաչի մունջ դիտումներ ունի և լուռ իղձեր կը տածե։

Միայն գիտության սիրով վառված վանականներ չեն ասոնք, այլ ճարպիկ ու հաշվագետ մարդիկ որոնք պապականությունը տարածելու համար ազգային գրականության մեջ իրենց ստացած հեղինակությունը կը շահագործեն, և քիչ շատ հայ եկեղեցականի փակեղին նմանող իրենց գլխու ծածկույթին տակ փաթերայի գլխարկներ կը կրեն։