Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/462

Այս էջը սրբագրված է

երփներանգ լեզու մը թողլով իրենց, լեզու որ ասկե քառորդ դար առաջ գոյություն չուներ գոնե գրականության մեջ։

Ստվերամած ու խավարչտին բան մը ըրին զայն հիմա. և ափսո՜ս, նույնիսկ ուղիղ քերականության մը կանոններուն հարգանքը վտարեցին անկե։ Եվ ոչ թե անոր համար որ այս ստորնացումը գրական դավանություն մըն է, այլ պարզապես՝ որովհետև գաղափարի ու իմաստի չգոյութենեն, մանվածապատ ձևերու ու վերջակետներու հետ անհաշտ պարբերություններու ապավինեցան։ Ֆիզիքի մեջ կըսեն թե Բնությունը պարապութենե կը զարհուրի, գրականության մեջ՝ դատարկությունը շատ ավելի զարհուրելի է ընթերցողներուն համար։


Ինծի այնպես կը թվի որ «մեկ երեսը կուլա և մյուս երեսը կը խնդա» զուրցվածքը՝ ամենեն շատ ֆրանսական այս մեծ ոստանին կը պատշաճի։

Երևակայեցեք որ այս պահուս հասարակությունը՝ թատրոններուն չափ ու թատրոններեն ավելի Revueներուն կը վազե, հոն ուր այս ցեղին սրամտությունը ամեն գիշեր իր գանձերը կը շռայլե։

Չկա եղելություն մը, մտավորական, քաղաքական կամ գեղարվեստական, անձնավորություն մը որով Փարիզը զբաղած ըլլա վայրկյան մը, որ անմիջապես օրվան ծիծաղին նյութ չմատակարարե. ոչ այն ծիծաղը սակայն՝ մաղձով ու դառնությամբ լեցված՝ որ դիվային բան մը ունի, այլ այն որ զվարթության վճիտ ակերեն կը բխի, որ զեղուն է ներողամտությամբ և որ իր մեջը միշտ բարի խրատ մը կը ցայտեցնե։

Եկամուտին վրա տուրքը, նամակատան ու հեռաձայնի մեջ աշխատող աղջիկներու վիճակը, Քասթելանի կոմսեն արձակված ամերիկացի միլիառատիրուհին, երկաթուղիներու անկանոն երթևեկը, Թեաթր-Ֆրանսեի դերասաններուն իրենց դերերը արտասանելու հանդիսավոր ձևերը, ու ասոնց բոլորին վրա ծածանող կնոջական անհավատարմությանը զվարճալիքը, ամեն կերպ պերճության, շողացումներու, ադամանդներու,