Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1912 Vol. 5 nr. 3.pdf/4

Այս էջը սրբագրված է

Նա հարցնում է, թե երբ կարող ենք հանդիպել Սասունում, որովհետև համաձայնվել ենք արձակուրդն իրար հետ այնտեղ անցկացնել․ շատ եմ սպասում դրան։ Պարոն Շուկարդտը թույլ էր տվել ինձ արձակուրդիս այնտեղ գնալ։ Այս տարի շատ չեմ կարողացել օգնել իմ խեղճ հիվանդներից շատերին։ Եթե կարող եք, խնդրում եմ օգնեք նրանց։ Ինչպես նաև կցանկանայի օգնեք, որ կարողնամ ամենաթշվառներին Սասուն բերել։ Շատ տեղերում կարիքն այնքան մեծ է։ Այս տարի ևս այնքան հիվանդ ունեմ։ Ռուբենը նույնպես հաճախ է հիվանդացել մալարիայով, այնքան նիհար էր և գունատ, բայց հիմա ավելի լավ է։ Ես չեմ հիվանդացել ու այնքան երախտապարտ եմ, որովհետև ո՞վ պետք է իմ փոխարեն իմ գործն աներ։

Ֆրանկֆուրտից թույլտվություն ունեինք վերաձևավորել հավաքատան և դպրոցի շենքերը․ դպրոցը տեղակայված է շատ խղճուկ պատեր ունեցող մի տանը։ Պատվելի Գրիգորը թույլտվության համար դիմել է կառավարությանը․ կարծում եմ՝ կստանանք այն։ Այնքան ուրախ եմ, որ կարող ենք Աստծո համար պատշաճ տուն կառուցել․ սա նույնպես պատասխան է մեր աղոթքներին։ Եթե միայն կարողանայիք ուղարկել այն 100 կրոնը, որ հավաքել եք երեկոյի ընթացքում Քրիստիանիայում։ Առաջարկում եմ ուղարկել այն Ֆրանկֆուրտ և ասել, որ օգտագործեն հավաքատան սրահի ֆիսհարմոնի համար։ Ի՞նչ կասեք։

Այս ձմեռ երկու որբանոց կունենանք Մուշում․ չափազանց դժվար է մի հատն այստեղ ունենալ, մյուսը՝ գյուղում։ Շատ ուրախ եմ այս առիթով։ Դեռ կառուցման թույլտվությունը չունենք, բայց Աստված դա էլ կշնորհի։

Անհանգիստ ժամանակներում ենք ապրում։ Իտալացիները ենթադրաբար Դարդանելի նեղուցի մոտ են։ Վերջին հաշվով ի՞նչ է լինելու Թուրքիայի հետ։ Քույր Թորան ասում է, որ բարդ է այնտեղ, բայց մենք այստեղ ոչինչ չենք զգում․ թեև թուրքերը մեր նկատմամբ այնքան էլ բարի չեն այս տարի, ինչպես նախկինում, բայց ատելություն չեմ նկատել։

Դժբախտաբար, չգիտեի, որ Նորվերգիայի «Կանանց առաքելության աշխատողներ»-ը այս տարի նշելու էին իրենց 10-ամյակը, այլապես հատուկ կշնորհավորեի այդ կապակցությամբ։

Լա՛վ մնացեք։ Աստծո խաղաղությունը։ Աստծո օրհնությունը յուրաքանչյուրիդ, ձեր երջանիկ պատվիրակ

Բոդիլ Բյորն