Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1913 Vol. 6 nr. 4.pdf/5

Այս էջը սրբագրված է

և պաստոր Լոհմանը երեկոյի մեծ մասը խոսում էր Հովհաննեսի Ավետարանի գլուխ 3-ից։

Պաստոր Լոհմանի այցը շատ կարճ էր, բայց նա ավելի երկար չէր կարող մնալ։ Նա չայցելեց ոչ մի գյուղ կամ հին վանք, որը կարող էր իրեն հետաքրքրել։ Քույր Քրիստիանեն և ես ուղեկցեցինք նրան ամբողջ ճանապարհին և միասին հրաժեշտի ընթրիք ունեցանք Խասգյուղում (բնօրինակ՝ Chaskøi), որը Մուշից գտնվում է մոտավորապես 3.5 ժամ հեռավորության վրա։

Քույր Հենսինը ինձ մոտ մնաց երկու շաբաթ, և մենք միասին իսկապես լավ ժամանակ անցկացրինք․ այնքան բան ունեինք խոսելու։ Նախքան հեռանալս շատ գործեր ունեի անելու, այնպես որ քույր Հենսինը նախապես գնաց Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ պետք է արձակուրդս անցկացնեի քույր Քրիստիանեի հետ։ Քույր Հենսինը շատ քիչ է մնալու, քանի որ քույր Ալմայի հետ պետք է վերադառնա Մեզերե։ Այնքան հիասքանչ է այստեղ․ մեր մեծ վրանը խփել ենք մի մեծ ծառի տակ, «վառարան» ենք պատրաստել և մեր երկու փոքրիկ աղջիկների համար տերևներով հյուղակ ենք սարքել։ Նրանք բոլորն անհամեմատելի բարի և օգնող են․ վանահայր Վարդան վարդապետը ևս։ Այս վանքը Մուշից գտնվում է 8-9 ժամվա հեռավորության վրա՝ Եփրատի մյուս կողմում, բարձր լեռներում։ Աստեղ ամեն ինչ թարմ է և անվճար, հիանալի օդ և լավ ջուր, վանքից միս, կաթ, մածուն, պանիր և ձու ենք վերցնում այնքան, որքան ուզենք, հաց էլ ենք վերցնում․ այնպես որ ամեն ինչ գերազանց է։ Այստեղ հանգիստ է և խաղաղ, իսկապես հոգու և մարմնի համար հանգստի վայր։ Այստեղ ոչ մի հիվանդի չեմ բուժում, այլապես չեմ հանգստանա, ինչի կարիքը ես հիմա ունեմ։ Վանքը մեծ, հին և գեղեցիկ եկեղեցի ունի․ այն կառուցել է Գրիգոր Լուսավորիչը՝ լույս բերողը, մոտավորապես մ․թ․ 3-րդ դարում։ Մեծ հողակտորներ և 1000 ոչխար, այծ, անասուններ և ձիեր ունի։ Վանքը հարուստ է, բայց շատ էլ բաժանում է, քանի որ շատ հյուրեր են հաճախ գալիս այստեղ՝ հատկապես մեծ տոներին։ 14 օրից գլխավոր տոներից մեկն է՝ Վարդավառը․ Մուշից, շրջակա տարածքից, Էրզրումից և նույնիսկ Ռուսաստանից շատ ուխտագնացներ են գալու։ Այստեղ շատ աշխույժ և խառը կլինի, բայց դա միայն մի քանի օր կտևի, հետո շատերը կրկին կհեռանան։ Երբեմն հետաքրքիր է ներկա գտնվել այդպիսի ազգային տոնի․ ավելի ուշ կպատմեմ դրա մասին։ Հիմա այստեղ այնքան հանգիստ ու խաղաղ է։ Ապրում ենք վանքի պատերից դուրս՝ մի քանի մեծ ծառերի տակ և մեզ համար մի փոքրիկ թագավորություն ունենք։

Բարեխոսության կարիք ունեմ։ Թող Աստված լցնի ինձ իր Սուրբ հոգով և ինձ ….. հանուն իր թագավորության և հոգիների փրկության։ Աղոթե՛ք նաև իմաստության համար իմ այս մեծ, պատասխանատու գործի համար։ Այս տարի էլ կարծես Աստված մեզ մի գերմանացի եղբայր կուղարկի, որ ղեկավարի կայանը, այնպես որ դեռ շատ բան կունենամ անելու, բացի հիվանդների հետ աշխատանքը․ հեշտ չի լինելու։ Հիվանդների և աղքատների հետ աշխատանքի մասին մի ուրիշ անգամ կգրեմ․ դրա մասին ևս շատ բան կա պատմելու։ Պաստոր Լոհմանը կարծում էր՝ Մուշը միանգամայն տարբերվում է Մեզերեից և իր համար պարզեց, որ այստեղ ավելի շատ դառնություն կա։ Սիրելի՛ ընկերներ, չեմ հոգնում օգնել այս հոգևոր և ֆիզիկական դառնությունների մեջ․ շատ աղոթքի և միջոցների կարիք կա։

Մուշում շատ գործեր կան։ Հիվանդանոցի և դպրոցների կարիք ունենք։ Պաստոր Լոհմանը Մուշում ուրախությամբ կհյուրընկալի նորվեգացի հավատացյալ բժշկի, եթե փորձառու այդպիսի մեկը լինի, որը կգա և կօգնի մեզ։ Նա հավատում է, որ ամենամեծ ուշադրությունը պետք է հատկացնել հիվանդների հետ աշխատանքին, դպրոցներին և ավետարանչականությանը Մուշի շրջանում, և դա այն է, ինչի կարիքն ամենաշատն ունենք։

Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ, Մատթեոս 7։7, այո՛, աղոթե՛ք, աղոթե՛ք աշխատանքի և ճիշտ աշխատողների համար, հոգիների փրկության համար Մուշի շրջանում, որտեղ խավարն է դեռ մոլեգնում։ Բայց մի օր լույսը կհաղթի խավարին, և այդ հույսն է մեզ պահում դժվար և կոշտ ժամանակներում։

Բազում ջերմ ողջույններ բոլոր սիրելիներին և յուրաքանչյուր ու բոլոր ասոցիացիաներին, որոնք