Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1917 Vol. 10 nr. 4.pdf/10

Այս էջը սրբագրված է

Ալմային, երբ վերջինս 1915 թվականի աշնանը Մեզերեից եկել էր Կոստանդնուպոլիս, հետո էլ Շվեդիա։ Զինվորների տանը բանտապահ էր, իրեն լավ ու ապահով էր զգում։ Սկսեց լացել, երբ տեսավ ինձ։ Ստիպված էի պատմել Մուշում իմ ունեցած վերջին փորձությունների մասին։ Այն ժամանակ, երբ նրանից խլեցին իր կնոջն ու երեխաներին և տարան Մուշից, երկար ժամանակ վախենում էինք, որ խելքը կթռցնի․ միայն ավագ դուստրն էր փրկվել, բայց այժմ նա էլ չգիտեր դստեր գտնվելու վայրը, քանի որ վերջինս ռուսական սահմանով գաղտնի գնացել էր Մեզերե, իսկ այնտեղից էլ ուզեցել է գնալ Ամերիկա։ Իսկապես դժվար էր հրաժեշտ տալ նրան, երբ ճանապարհս շարունակեցի։ Այնտեղ հանդիպեցի նաև Մուշի իմ աշակերտներից մեկին՝ 17-18 տարեկան մի երիտասարդի, որը ևս կորցրել էր բոլորին։ Նախքան պատերազմը նա Կոստանդնուպոլսի Ռոբերտի քոլեջում էր սովորում։ Մեր Մուշի որբանոցի տղաներից մեկին, որը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել Կոստանդնուպոլիս, հանդիպեցի գերմանացի պաստորի տանը՝ կոմս Լյութիխոուին, որը շատ հայերի էր օգնել, այդ թվում՝ Պետրոսյանին, երբ վտանգի մեջ էր եղել։ Նա աննկարագրելի գթասիրտ մարդ է, ինձ նույնպես լավություն արեց իմ գրքերն ու լուսանկարները ուղարկելով Բեռլին, քանի որ դրանք չէի կարող տանել իմ ուղեբեռում․ արգելված էին։ Բեռլինում ստուգեցին դրանք, կնքեցին և կարողացա ինձ հետ տանել հայրենիք։ Անցած կիրակի գնացի գերմանական եկեղեցու խորան և լավ օր անցկացրի։ Մայիսի 16-ին ժամանեցի Կոստանդնուպոլիս, իսկ մայիսի 30-ին շարունակեցի ճանապարհս։ Ամբողջ Թուրքիան մարդաշատ էր և դժվար էր ստուգել իրերն ու անձնագրերը, բայց վերջապես առաջ շարժվեցինք։ Շատ դժվար ուղևորություն էր։ Ստիպված էի 9 անգամ գնացք փոխել, 8 կամ 9 անգամ էլ ստուգեցին անձնագրերն ու հագուստը։ Այնքան դժվար էր, որ նույնիսկ մեծ ուղեբեռը հնարավոր չէր ուղարկել ուղիղ Բեռլին, ինչպես որ կարող էիր անել բալկանյան գնացքով ճանապարհորդելիս։ Փոխարենը ամեն քայլափոխի ստիպված էի դժվարություններ կրել։ Մի անգամ Սոֆիայում չկարողացա ստուգել տալ դրանք և չհասցրեցի հաջորդ գնացքին, հետո մի գերմանացի ենթասպա օգնեց ինձ և ստացա իմ բոլոր իրերը։ Ամբողջ Բուլղարիայով մենակ էի ճանապարհորդում, միայն զինվորներ ու սպաներ էին, ոչ մի կին չկար, բայց նրանք այնքան ընկերական էին ու օգնող, որ ոչ միայն փոքր տղայիս քնեցնելու համար սենյակ տրամադրեցին, այլև ես ինքս կարողացա մի քանի ժամ քնել։ Մի գիշեր պետք է անցկացնեինք Սերբիայի Նիշ քաղաքում։ Հետո մի քանի զինվորների օգնությամբ մնալու լավ տեղ գտա մի սերբ կնոջ հետ, որը շատ սիրալիր էր մեզ հետ, բայց շատ դժվար էր նրան հասկացնել մեր ուզածը, քանի որ բացի սերբերենից այլ լեզու չէր հասկանում։ Բելգրադում ևս ստիպված էի մի գիշեր անցկացնել։ Մեծ հյուրանոց կար այնտեղ, բայց լավ տեղ չէր և ուրախ էի, երբ հաջորդ օրն առավոտյան կարողացանք շարունակել մեր ճանապարհը։ Տարօրինակ էր ճանապարհորդել մի երկրով, որտեղ պատերազմն էր այնդքան դաժանորեն մոլեգնել, իսկ հիմա դրա հետքն անգամ չկար։ Բելգրադում սպաները, վախենալով լրտեսներից, շատ խստորեն ստուգեցին անձնագիրս։ Վերջապես ժամանեցինք Հունգարիա, և ամեն ինչ ավելի լուսավոր ու բարեկամական դարձավ։ Այնքան հարուստ է հողը, այնքան հացահատիկ կա։ Շաբաթ օր էր, երթևեկությունը ծանր էր, ուղևորների կուպեն՝ մարդաշատ։ Ուրախ էի, երբ երեկոյան հասանք Բուդապեշտ։ Վիեննա գնացող գիշերային գնացքն էլ էր լիքը, բայց ինձ այնքան տեղ տվեցին, որ կարողացա Ֆրիտյոֆին քնեցնել։ Շատ դժվար էր ուղեկցորդի գտնել, որովհետև բոլորն էլ շատ էին զբաղված, բայց վերջապես գտա մեկին, որը հոգ տարավ ամբողջ իրերի մասին։ Հաջորդ վաղ առավոտյան հասանք Վիեննա, բայց կրկին չհասանք Դրեզդեն և Բեռլին գնացող առավոտյան գնացքին։ Մի գերմանացի կնոջ հետ էի, փորձեցինք մեքենա գտնել գնացքին հնարավորության դեպքում հասնելու համար, քանի որ պետք է մեկ այլ երկաթուղու կայարան գնայինք, որը քաղաքի մյուս ծայրում էր։ Երբ տեղ հասանք, գնացքն արդեն գնացել էր։ Բուդապեշտից եկող գնացքը երկու ժամ ուշացել էր։ Այնպես որ ստիպված էինք ամբողջ օրը Վիեննայում մնալ։ Ֆրիտյոֆի հետ գնացի մի մեծ զբոսայգի, որտեղ նա իրոք լավ ժամանակ անցկացրեց։ Կայարանում էլ շատերին զվարճացրեց, քանի որ ընդհանրապես չէր վախենում, վազում էր դեպի կանայք, ծաղիկներ քաղում։ Պետք է իսկապես ուշադիր լինեի նրա նկատմամբ, որովհետև մի անգամ գնացել էր բոլորովին անծանոթ մարդկանց հետ։ Հաջորդ առավոտյան հասանք գերմանական սահմանին, որտեղ շատ ուշադիր ստուգեցին մեր անձնագրերը,