Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1917 Vol. 10 nr. 4.pdf/11

Այս էջը սրբագրված է

իրերը և ինձ, բայց ամեն ինչ լավ և կարգին անցավ և չեմ կարծում, որ շատ խիստ էին։ Ճիշտ ժամանակին վերջացրի գնացք նստելու համար, բայց երկար ուղևորությունից հետո սուրճ խմելու ժամանակ չունեցա։ Դեչինից Դրեզդեն ճանապարհորդությունը շատ գեղեցիկ էր՝ հատկապես գեղեցիկ էր անտառը, որն այնքան խիտ էր ու սիրուն․ այդպիսի հիասքանչ եղևնիների անտառ չէի տեսել, ինչ տնից բացակայել էի։ Հունիսի 5-ի կեսօրին հասանք Բեռլին․ անչափ հոգնած էի 5.5 օրուգիշեր ճանապարհորդելուց, պայքարելուց ու անհանգստություններից։ Միայն 2.5 օր մնացինք այնտեղ, մինչև կարողացան ստուգել անձնագիրս և այլն։ Լավ է, որ նորվեգական անձնագիր ունեի, այլապես պետք է 2 կամ 3 ամիս սպասեի նախքան տուն վերադառնալու թույլտվություն կստանայի, դրա համար էլ ո՛չ պարոն Շուկարդտին տեսա, ո՛չ էլ պաստոր Լոհմանին, ինչի համար շատ ափսոսացի, քանի որ նրանց հետ շատ բան ունեի խոսելու։ Հունիսի 7-ին շարունակեցի ուղևորությունս դեպի Ռյուգեն, որտեղ ստիպված էի 10 օր մնալ, մինչև հասա Ավստրիա։ Բայց այնտեղ լավ էի՝ թե՛ սննդի, թե՛ կացարանի առումով, բոլորն այնքան սիրալիր էին մեր նկատմամբ։ Ֆրիտյոֆը գերել էր մի շվեդ պարոնի, որը միշտ գալիս էր նրա հետ խաղալու։ «Կարծում եմ՝ ուզում եմ Կոստանդնուպոլիս գնալ և ինձ համար այսպիսի տղա գտնել»,- ասում էր նա։ Մի առիթով իմացա, որ Ռյուգենի Բերգենի հիվանդանոցում մի քանի «Աստվածաշնչյան քույրեր» կան, որոնց հետ շատ հաճելի պահեր անցկացրի․ նրանք նաև զբոսնեցին ինձ հետ այդ գեղեցիկ տեղանքում։ Վերջապես, վերջապես եկավ ազատության ժամը, և մենք կարող էինք տուն վերադառնալ։ Իմիջիայլոց, այնտեղ մնալը մեր երկուսի վրա էլ լավ անդրադարձավ․ կարողացանք հանգստանալ այդ բոլոր դժվարություններից հետո։ Գնացքում նորից ստուգեցին մեր բոլոր իրերը, պայուսակս ու ուղեբեռս ստուգեցին մինչև հատակը։ Իսկապես փորձություն էր ամեն ինչ նորից հետ դասավորելը։ Վերջապես հասանք Զասնից, որտեղ նորից սկսեցին ստուգել ամեն ինչ, ինչը գրեթե երկու ժամ տևեց։ Ուրախ էի, երբ վերջապես նստեցինք մի մեծ, գեղեցիկ շվեդական շոգենավ և ուղևորվեցինք տուն։ Հրաշալի ճանապարհորդություն էր պայծառ եղանակին, այնքան գեղեցիկ էր տեսնել, թե արևն ինչքան կարմիր է և թե ինչպես է շողերն ընկնում ծովի վրա։ Ֆրիտյոֆը նույնքան գոհ էր, վազում էր տախտակամածին, երևի նա էլ էր զգացել, որ այժմ ավելի ցուրտ ջրերում ենք։ Տրելեբորգում լավ կուպե նստեցինք և ամբողջ գիշեր շատ հարմարավետ քնեցինք։ Վերջապես հունիսի 18-ին հասանք Քրիստիանիա, որտեղ մեր սիրելի ընկերներն ու բարեկամները դիմավորեցին մեզ գրկաբաց։ Կարծես երազանք լիներ տուն վերադառնալը։ Սաղմոս 91, 11։

Սիրելի՛ ընկերներ, հիմա պետք է մի քանի բառով հիշեցնեմ, որ այնտեղ շատ թանկ է․ հացահատիկի, սննդի և կտորեղենի գներն անընդհատ աճում են, ինչը դժվարություններ է ստեղծում որբանոցների համար հոգալ այդքան որբերի կարիքները․ գնալով ավելի ու ավելի շատ որբեր են գալիս, և մենք չենք կարող նրանց չընդունել, քանի որ այս աշխարհում նրանք ոչ մեկին չունեն, որը կարող է հոգ տանել նրանց մասին․ ի վերջո, նրանց հայրերն ու մայրերը գնացել են, թե ուր, ոչ ոք չգիտի։ Եվ պատկերացրեք, որ մեր փոքրիկներն այստեղ են՝ տանը, տաք ու լավ ու ոչ մի բանի կարիք չունեն։ Խնդրում եմ, արդյոք չեք ցանկանա՞ օգնել, որքան կարող եք։ Մտածեք այն բոլոր մեծուփոքրերի մասին, որոնք ամեն ինչի կարիք ունեն և կիսվեք նրանց հետ։ Կորնթացիս 9, 6 - 7։

Բազում ջերմագին բարևներ յուրաքանչյուրիդ,

Ձեր՝ Աստծո միջոցով կապված,

Բոդիլ Բյորն