Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1917 Vol. 10 nr. 4.pdf/5

Այս էջը սրբագրված է

Դոբլերը և գերմանացի ուսուցիչը՝ Հեդվիգ Բյուլը։ Ունեինք նաև 2 հայ ուսուցիչ, 4 կին ուսուցիչ և մի թուրք ուսուցիչ, որը թուրքերեն ու Թուրքիայի պատմություն էր դասավանդում։

Շատ գործ ունեի անելու այն հիվանդ երեխաների շրջանում, որոնք տանն էին, դրան էլ գումարած գյուղում գտնվող հիվանդները, դեղերի հայթայթումն ու տրամադրումը։ Կարևոր, բայց լարված աշխատանք էր՝ հատկապես ամռանը, երբ մոլեգնում էր մալարիան և դիզենտերիան։ Այնքան շատ երեխաներ էին շնորհակալ, որոշներն էլ խնդրում էին ինձ չհեռանալ․ «Ո՞վ է մեզ օգնելու, երբ հիվանդանանք»,- ասում էին նրանք։ Առավոտյան, երբ շրջայց էի կատարում, գրեթե միշտ ինձ իրենց այգիներից փոքր ծաղկեփնջեր էին նվիրում, և ես միշտ զմայլվում էի։ Երեխաների ամենամեծ ուրախությունն այն եղավ, երբ մեզանից մեկը ցանկացավ նրանց հետ զբոսանքի դուրս գալ այդ տարածքում։ Լեռներում, անտառներում, գետի մոտ կամ դաշտում շատ գեղեցիկ վայրեր կային։ Տուն վերադարձանք ամենագեղեցիկ ծաղիկներով՝ հողմածաղիկներով, գնարբուկներով, անմոռուկներով, մանուշակներով և վարդերով․ բոլոր հյուրասենյակները զարդարեցինք։ Երբեմն իջնում էինք գետի մոտ, նրանք արագ հանում էին իրենց հագուստը և գնում լողալու, որովհետև ամենաշատը դա էին սիրում։ Նրանք սիրում էին ֆոն Դոբլերի երեք երեխաներին և իմ փոքր տղային և միշտ ուրախ էին, երբ իրենց հետ դուրս էին գալիս։ Երեկոյան՝ օրվա աշխատանքից հետո, մեծ բակում միշտ զվարճանքներ ու անկարգություններ էին, քանի որ տղաները մի կողմում թավալգլոր էին տալիս, իսկ աղջիկները մյուսում խաղում էին, վազում կամ շատ գեղեցիկ երգեր երգում։ Հաճախ էր նման աղմուկ լինում, դրա համար փախչում էինք տան ամենահեռավոր սենյակը․ այսպես, մենք էլ էինք ներգրավված իրենց խաղի մեջ և ըստ նրանց՝ դա հոյակապ էր։ Այնքան աշխուժացնող ու քաջալերող էր այդքան շատ երեխաների շրջանում լինելը, ինչպես նաև մեծ հանձնառություն։ Մեր անդադար աղոթքն էր, որ նրանք հաղթահարեն այս ամենը հանուն Քրիստոսի։

Մի տարի առաջ՝ մի օր, տիկին ֆոն Դոբլերը եկավ, իմ գիրկը մի երեխա դրեց ու ասաց․ «Պետք է խնամես նրան, այլևս ծնողներ չունի»։ Նայեցի նրան և իսկապես չզգացի, որ այդքան խիզախություն ունեմ դրա համար, որովհետև նա այնքան փոքր էր, այնքան հիվանդ ու թշվառ, և ինքս էլ թույլ էի զգում մալարիայով ու դիզենտերիայով բոլոր հիվանդներին խնամելուց հետո, բայց ուրիշ մեկը չկար, որ կխնամեր նրան, և հասկացա, որ նրան Աստված է ինձ ուղարկել։ Նրա հայրը, որը վարորդ էր, սպանվել էր, իսկ մայրը՝ վերջերս էր մահացել մալարիայից կամ տիֆից։ Փոքրիկ տղան, որի անունն էր (…) այնքան նիհար էր, գունատ և գրեթե միշտ լացում էր, բայց աստիճանաբար այնպես արեցի, որ կաթ, կակաո խմի, ձու և այլ սնունդ ուտի, բայց միևնույնն է նա մնաց նիհար։ Պարոն ֆոն Դոբլերը հաճախ էր ասում․ «Քո՛ւյր Բոդիլ, այդ ինչքան ջանք ես թափում այդ երեխայի հետ, չեմ կարծում, որ հաճույք ես ստանում դրանից»։ Մի օր մեզ այցելեց մի լավ գերմանացի ռազմական բժիշկ, որը լավ գլուխ էր հանում մանկական բոլոր տեսակի հիվանդություններից և որն սկսեց ավելի հաճախ այցելել մեզ՝ բուժելու մեր հիվանդ երեխաներին, և ես նրան ցույց տվեցի փոքր տղային, նաև 5-6 տարեկան մի փոքր աղջկա, որը մերկ էր ու ոտաբոբիկ։ Նրան ուղիղ փողոցից էին բերել, ոչ ոք չուներ ամբողջ աշխարհում և հազարավոր աղքատ, վտարված երեխաներից մեկն էր՝ մի խղճուկ, ողորմելի արարած։ Բժիշկը մոտիկից զննեց նրանց, բայց գլուխը թափահարեց և ասաց, որ դժբախտաբար նա հույս չունի երկու երեխաներից էլ։ «Պետք է պատրաստես քեզ, քո՛ւյր»,- ասաց նա,- «հույս չունեմ, որ նրանք կապաքինվեն»։ Բայց ես հույսս չէի կտրում, քանի որ Աստված կարող էր բուժել նրանց, և ես էլ կանեի ամեն ինչ, ինչ կարող էի։ Նրանց խնամում էի, կերակրում ամենալավ բաներով, որ ունեինք և քանի որ նրանք երկուսն էլ լավ ախորժակ ունեին, շատ էին ուտում,