Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1919 Vol. 12 nr. 3.pdf/3

Այս էջը սրբագրված է

Ողջույն Բոդիլ Բյորնից


Սիրելի՛ ընկերներ,

Ուրախ եմ, որ այս անգամ կարող եմ որոշ տեղեկություններ ուղարկել Հայաստանի մասին, թեև ոչ բոլորն են լավը։ Երկար ժամանակ ոչինչ չէինք իմանում և հաճախ մտահոգվում էինք այնտեղի մեր սիրելի ընկերների համար։

Այսօր նամակ ստացա պարոն Շուկարդտից, որտեղ ասում է, որ ապրիլի 24-ին միսիոներ ֆոն Դոբլերը Հարունիեից տեղեկություններ է իրեն ուղարկել։ Միսիոներ Բլանկի մահից հետո նրան կանչել են Մարաշ։ Այնտեղի և Հարունիեի մյուս միսիոներները լավ են։ Մայիսի վերջին ֆոն Դոբլերը և Մարաշի մի քանի քույրեր վերադառնալու են Գերմանիա։ Հարունիեում մնալու է միայն քույր Հեդվիգ Բյուլը, Մարաշում՝ մի ֆինն քույր։ Մի շվեյցարացի քույր էլ մնալու է ամերիկացիների հետ՝ որբանոցներում և դպրոցներում աշխատելու համար։

Պարոն Շուկարդտը մտահոգ է Մեզերեի միսիոներների համար, քանի որ մեծ խուճապ է տեղի ունեցել զինվորների պատճառով, որոնք հարձակվել և կողոպտել են ժողովրդին։

Պարոն ֆոն Դոբլերին չհաջողվեց հեռագրով կապ հաստատել Մեզերեի հետ։

Այդուհանդերձ, մի քանի օր առաջ Կոպենհագենից օրիորդ Ֆուլը հաղորդեց, որ մայիսի կեսերին նամակ է ստացել Մեզերեից օրիորդ Կարեն Մարիա Պետերսենից, որտեղ ասում է, որ չնայած ամեն ինչին, նրանք լավ են, և Աստված հոգ է տանում իրենց մասին։

Բայց չգիտեմ, թե խուճապը նամակը գրելուց առաջ, թե հետո է եղել։

Նրանք մեր բարեխոսական աղոթքի կարիքն ունեն, որպեսզի հաղթահարեն իրենց դժվարություններն ու վտանգը։ Աստված այս անգամ ևս, ինչպես և նախկինում, կրակի պատ կշարի նրանց շուրջբոլորը։ Զաքարիա 2,9։


Եթե Աստված կամենա, ապա սեպտեմբերին կցանկանայի այցելել մեր երկրի տարբեր վայրեր, որտեղ աշխատանք է կատարվում Հայաստանի համար և խնդրում եմ ընկերներիս, որ ով ցանկանում է, որ այցելեմ իրեն, տեղեկացնի ինձ։ Հունիսի վերջից մինչև սեպտեմբերի 1-ը իմ հասցեն սա է լինելու՝ Սկաատո, Կրագերյո։ Սիրելի՛ ընկերներ, կհիշատակե՞ք այդ հանդիպումները ձեր աղոթքներում, որ Աստված օրհնի դրանք։ Անկեղծորեն, Հովհաննես 14, 14, ձեր՝ Աստծո դաշնակից,

Բոդիլ Բյորն