Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 1.pdf/4

Այս էջը սրբագրված է

Մի փոքր հատված կավելացնեմ նրա նամակից այստեղ․ կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի․

«Սիրելի՛ քույր Բոդիլ, անցած տարիների հիշողություններն այնքան ուրախալի են․ դրանք ինձ հիշեցնում են այն երջանիկ օրերի մասին, որ անցկացրել ենք Քրիստոսին հրաշալիորեն ծառայելով․․․

Կցանկանայի իմանալ, թե ինչ եք արել Հայկական հարցի առումով Նորվեգիայում։ Մեզ շատ հետաքրքիր է տեղեկություններ իմանալ նրանցից, որոնք տարիներ շարունակ ապրել և աշխատել են Հայաստանում՝ հատկապես նրանցից, որոնք ականատեսն են եղել այն սարսափելի կոտորածին, որը տեղի է ունեցել այս թշվառ երկրում։ Ժամանակն է մեր ընկերներին ավելի քան երբևէ լավ ճանաչելու։ Քույր Բոդիլի անունն այնքան ամուր է կապված Մուշին։ Ի՞նչ կարծիք ունեք Հայկական հարցի վերաբերյալ։ Խնդրում եմ մանրամասն ասեք, թե ինչ գիտեն նորվեգացիները հայերի կոտորածների և ցանկացած օգնության մասին, որ վերջիններս առաջարկել են աշխարհի ամենատանջված ժողովրդին։ Հուսով ենք՝ եկող գարուն կվերադառնանք մեր սիրելի Հայաստան։ Հայրենասիրական ասոցիացիա ենք ստեղծել և պատրաստվում ենք վերադառնալ մեր հայրենիք։ Կցանկանա՞ք գալ մեզ հետ։ Եթե այո, պատրաստվեք։ Եթե ուզում եք միսիոներական աշխատանք սկսել երկրի արևելյան հատվածում, կարո՞ղ եք նախապատրաստվել Նորվեգիայում և Շվեդիայում։

Անկեղծորեն, Ձեր շատ նվիրված,

Բենջամին Պետրոսյան»

1916 թվականի փետրվարին Մուշից իմ հեռանալուց հետո, Դիարբեքիրով եկա Հալեպ և մոտ 4 շաբաթ մնացի սիրելի շվեյցարացի քույր Բեատրիս Բոների հետ, որն աքսորյալների 800 որբերի համար որբանոց է ղեկավարում։ Նրանց մեջ զգայուն դեմքով մի տղա կար, ում մասին կուզենայի մի փոքր պատմել քույր Բեատրիսի պատմելուց հետո, քանի որ այս պատմությունը պարզ ցույց է տալիս, թե ինչ սիրով են նույնիսկ երեխաները կառչած քրիստոնեական հավատքից և թե նրանցից շատերն ինչ են հասկանում քրիստոնեության արժեքից․

«Մի կեսօր դուռս թակում են և սև քողով մահմեդական մի կին է ներս մտնում՝ 7 տարեկան անուշիկ տղայի ձեռքը բռնած։ Բաց, թարմ դեմք և պայծառ, ջինջ աչքեր ուներ․ նման էր հայ երեխայի։ Բայց ինչպե՞ս էր այս մահմեդական կինը եկել այս երեխայի հետ։ Նրան խնդրեցի նստել և ասել, թե ինչ է ուզում․ «Ես իմ երեխային եմ բերել»,- ասաց նա,- «Ձեր երեխայի՞ն։ Սա քրիստոնյա երեխա է, իսկ դուք մահմեդական եք»։ Այնուհետև մի կողմ քաշեց երեսի քողը։ Նմանությունն ապշեցուցիչ էր։ Նա պատմեց իր պատմությունը․ ամուսինը մահացել էր, փոքր տղայի հետ բնակվել է Հաճնում, մինչև եկել է աքսորի հրամանը, ինչը նրան և հազարավոր այլ կանանց խլել է իրենց տներից։ Շաբաթներ շարունակ տղայի ձեռքից բռնած քայլել է երկրի ճանապարհներով։ Տառապել են սովից ու ծարավից, ոտքերին վերքեր են առաջացել։ Օրեցօր սիրտը մթագնել է, որովհետև չի զգացել, որ Աստված կա, և այսպիսի սարսափելի տառապանքի մեջ Նրան միայն անունով իմանալը կամ Նրան ոչ խորը հավատալը չի օգնել։ Թշվառ և ուժասպառ վիճակում վերջապես երեխային հասցրել է Հալեպ։ Այնտեղ մի մահմեդականի հետ է ծանոթացել, որը նրան հավանել է։ Մի օր նա հարցրել է, թե արդյոք ցանկանում է իր կինը դառնալ։ Պետք էր միայն իսլամ ընդունել։ Իրեն ու երեխային այլ անուններ էր տալու, ապահովելու էր նրանց և իր հետ տուն էին ունենալու։ Դա փրկություն էր, բայց ի՜նչ գնով։ Բայց նա չէր կարող այլ կերպ գործել, երբ մտածում էր, թե ինչ է սպասվում։ Պատկերացրեք, կրկին իջնել անապատ, որտեղ նրանց սովն էր սպասում կամ ավելի դաժան ձեռքեր ընկնել, քան այս տղամարդը։ Ո՛չ, անկարելի էր։ Այսպես, նա համաձայնվեց և երեխայի հետ գնաց նրա տուն։ Շուտով սովորեց նոր պայմաններին և հասկացավ, որ ամենավատ վայրում չի գտնվում, բայց փոքրիկ Սեդրակն այլ կերպ էր մտածում։ Նրան ասել էին, որ նոր հայր է ունենալու, նոր տուն, սնունդ ու հագուստ, ինչը նա լավ էր ընդունել, բայց չէին ասել, որ նոր անուն է ունենալու և որ այլևս քրիստոնյա չի լինելու։ «Բայց մամ, ես քրիստոնյա եմ և չեմ ուզում մահմեդական լինել»,- ասել էր նա։ Ամեն օր կռիվ էր սկսվել։ Մայրը փորձել էր փափկացնել նրան աղոթքներով,