Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 3.pdf/2

Այս էջը սրբագրված է

Հայաստան


Քրիստիանիա 27—5—20
Օդինստ. 16/2

Աստծով լցված իմ սիրելի՜ քույրեր,

Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։ Սաղմոսներ 126,3։

Աստված իսկապես ավելին, շատ ավելին արեց, քան նրանից խնդրել էինք։ Շատ քաղաքներում նա մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի և այնտեղի բոլոր փոքր որբանոցների նկատմամբ․ շատերը ցանկացան օգնել Հայաստանի երեխաներին։ Ընդհանուր առմամբ 30 նոր երեխա է հնարավոր վերցնել ի հավելումն այն 11-ի, որոնք արդեն Մեզրեի դանիական որբանոցում էին։ Հուսով ենք, մենք էլ այնտեղի քաղաքներից մեկում կունենանք մեր սեփական փոքր նորվեգական որբանոցը, եթե Աստված կամենա և կարծում եմ, որ կամենում է՝ դատելով արդյունքներից։ Այրիների և ողջ մնացած բոլոր երեխաների վիշտը, որոնք կորցրել են իրենց տները և բոլոր սիրելիներին, աննկարագրելի է։ Գրիմստադում մի պարոն կար, որը, եկեղեցու հավաքին լսելով օգնության կարիքի մասին, որոշեց օգնել 4 երեխաների, որքան ժամանակ որ կկարողանա։ Հորտենում հավաքից հետո՝ երեկոյան, ներդրումներ կատարվեցին 5 երեխայի ծախսերը հոգալու համար, մի քանի այլ վայրերում էլ խնամակալներ են ցուցակագրվել։ Թրոնհեյմում 25 երեխայի համար խնամակալներ են հավաքագրվել և առանձին հայաստանյան կոմիտե է ձևավորվել, որն այս ուղղությամբ աշխատում է մեծ եռանդով և սիրով։

Ի՜նչ հրաշալի է տեսնել, թե ինչպես է Աստված շարժել մարդկանց սրտերը, և որ դա միայն զգացմունք և կարեկցանք չէ, այլ արտահայտվում է նաև արարքներով։

Ինչպիսի՜ զոհաբերություն և սեր եմ տեսել այս հալածված և հետապնդված ժողովրդի նկատմամբ, երբ շրջում էի տարբեր քաղաքներով։ Հավատում եմ, որ Աստված իմաստ է դրել սրա մեջ և որ Հայաստանի համար կատարվող գործը կմեծանա այնքան, որ մենք ոչ միայն երեխաների ծախսերը կհոգանք, այլև այս փոքրիկներից շատերին կուղեկցենք լավ հովիվների գիրկ և ո՜վ գիտե, նրանցից շատերը միգուցե հետո դառնան Աստծո կենդանի վկաները իրենց ժողովրդի և շատ մահմեդականների համար։ Նույնիսկ ծայր հյուսիսում է սեր տիրում։ Քույր Օլիվիան գրում և խնդրում է իրեն ուղարկել դրամահավաքի արկղերը, որպեսզի նրանք էլ հավաքեն իրենց բաժինը այս տառապած ժողովրդի համար։ Ինձ շատ հուզեց այս արարքը, նրանք իրենք էլ քիչ բան ունեն և օգնության կարիք են զգում, բայց Աստված այնքան է մեծացրել նրանց սրտերը, որ մտածում են ոչ միայն իրենց մասին, այլև ծայր հարավում գտնվող իրենց քույրերի և եղբայրների մասին, որոնք շատ ավելի վատ վիճակում են, քան իրենք։

Սիրելինե՛րս, միացե՛ք աղոթքին և աշխատանքին, որքան հնարավոր է շատերդ, միացե՛ք նաև այլ քաղաքներից։

Նաև սրտագին բարևներ ձեզ՝ իմ սիրելի՛ ընկերներ, որ այդքան սիրալիր ընդունեցիք ինձ։ Ինձ համար մեծ, մեծ ուրախություն էր գալ ձեզ մոտ և զգալ ձեր ջերմ սերն ու հետաքրքրությունը Հայաստանի և այնտեղ տարվող աշխատանքի նկատմամբ։ Ես նվիրատվություն անելու այնպիսի պատրաստակամություն տեսա, մեկը մյուսի հետևից էր գալիս, մեծ ու փոքր նվերներ էին տալիս ձեռքս իմ սիրելի, սիրելի ժողովրդի համար, հավաքներից առաջ ու հետո մեծ եռանդով էր կատարվում աշխատանքը։ Օ՜, հայ ժողովուրդը որքա՜ն ունի ձեր կարիքը հիմա։ Կարծում եմ՝ հասկանում եք դա։

Կցանկանայի նաև մի փոքր պատմել իմ շրջայցերից, եթե կհետաքրքրի։ Ե՛վ այցերը, և՛ հավաքները կազմակերպվել և իրականացվել էին աղոթքով, ինչի համար էլ Աստված այդքան առատորեն օրհնեց և ելույթ ունենալու մեծ հաստատակամություն տվեց։ Օրհնյա՜լ լինի Նա։

Ինձ թույլ տվեցին այցելել 13 քաղաք և «Կանանց առաքելության աշխատողներ»-ի շատ այլ շրջաններ․ շատ հաճելի էր ծանոթանալ քույրերի հետ և զգալ, որ բոլորս էլ մեկ ենք Աստծո հետ։

Առաջին քաղաքը Դրամենն էր։ Այն մեծ չէ, բայց նույնքան հաճելի էր ծանոթանալ նոր ընկերների հետ։ Շատ հեռու է, բայց երիտասարդական ակումբի սրահը լիքն էր։ Պարոն Ֆոլկեստադը հավաքի բացումն արեց աղոթքով․ հանուն Հիսուսի եղե՛ք նրանց ուժը,