Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 1.pdf/5

Այս էջը սրբագրված է

առևտրի, ռազմական ծախսերի և ընդհանուր տնտեսական պայմանների առումով բնականաբար հանգեցնում է ցավալի հետևանքների, բայց շատ ազգեր սննդի կամ այլ կենսական կարիքների պակասից չեն տառապում, բայց պարբերաբար պատերազմի վտանգի մեջ են գտնվում իրենց արևելյան, հարավարևելյան և արևմտյան սահմաններին։ Հենց նոր Ալեքսանդրապոլից ստացված տեղեկությունները վկայում են այդ կարիքը։ Սովորական բան է դաշտերում թափառող սոված կանանց և երեխաներին տեսնելը, որոնք արմատներ և կանաչեղեն են փնտրում, որ ուտեն, քանի որ օրապահիկը քիչ է։

Քաղաքական իրավիճակի անորոշության պատճառով Հայաստանի Հանրապետությունը պետք է տարբեր դասերի զինվորագրի, որ ուժեղացնի Զանգեզուրի և Օլթիի սահմանները թուրքերի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Երկրի լավագույն տղամարդիկ դրա համար բանակում են և երկրի երիտասարդությանը զինվորական պարտքը կատարելուց ազատելու ոչ մի հեռանկար չկա, որպեսզի վերջիններս կարողանան վերականգնողական աշխատանքներ կատարեն։

Մինչ Բրիտանական կայսրությունը պայքարում է Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, ուժասպառ եղած Հայաստանը պայքարում է իր գոյության համար։ Խաղաղության համաձայնագրի կնքումն ու Հայաստանի անկախության ճանաչումը կարծես նկատելիորեն չբարելավեցին հայ ժողովրդի վիճակը։

Վանի, Բիթլիսի և Էրզրումի նահանգները դեռ թուրքերի տիրապետության տակ են․ դրանք խաղաղության ժամանակ պատկանում էին Հայաստանին։ Մեկ այլ ձմեռ է մոտենում, մինչև հաջորդ գարուն այս նահանգները հայկական զորքերին հանձնելն անհնար է թվում։ Բայց դա էլ նշանակում է, որ այս նահանգների 300 000 փախստական ստիպված են մի ձմեռ էլ այնտեղ անցկացնել։

Ելք չունենալով դեպի ծով՝ Հայաստանի Հանրապետությունը դեռ որոշակի շրջափակման մեջ է և փոստային ու հեռագրային ծառայություններն էլ դեռ կանոնավոր չեն աշխատում, ինչպես կարելի էր ակնկալել։

«Արևելյան նորություններ»-ը, որը հրատարակվում էր բրիտանական զորքերի համար Կոստանդնուպոլսում, պատմում է թուրքերի ձեռքից հայ որբերի ազատագրման որոշ դեպքերի մասին։ Պատերազմի ընթացքում բազում դժբախտ աղջիկներ և տղաներ են հավաքվել այսպես կոչված որբանոցներում, որտեղ Թալեաթի և Էնվեր փաշայի թուրքական կառավարությունը պահում էր նրանց իսլամացնելու համար։

Բրիտանացի և հայ գործակալները զինադադարից հետո աշխատում էին հայ երեխաներին փրկելու ուղղությամբ։ Մի բրիտանացի սպա գրում է․ «Պատճառ ունենք կարծելու, որ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող «Kiaghathone»-ի թուրքական որբանոցի աղջիկներից 12-ը հայեր են։ Երբ տղամարդիկ փորձեցին աղջիկներին տանել ու մոտեցան նրանց, վերջիններս սկսեցին աղիողորմ լալ և բողոքել, որ մահմեդականներ չեն։ 9 տարեկան մի աղջնակ ասաց, որ իր անունը Ջելիլե է։ Այնուհետև հարցրի, թե ուր են հայրը, մայրն ու եղբայրները։ «Նրանց սպանել են, միայն ես եմ ողջ մնացել»,- ասաց նա։ «Ո՞վ է սպանել նրանց»։ «Հայերը»։ «Ո՞վ է ասել, որ քո ծնողներին սպանել են հայերը»։ «Որբանոցում են ասել»։ Հարցրի նրա անվան մասին, մի փոքր վարանեց, հետո ասաց․ «Ուզո՞ւմ եք իմանալ ամբողջ ճշմարտությունը»։ «Այո՛»։ «Խոստանո՞ւմ եք, որ կորդեգրեք ինձ»։ «Այո՛, կարող ես վստահ լինել»։ Այնուհետև նա պատմեց, որ իրենց գյուղը գտնվում էր մի փոքր լեռան վրա, թե ինչ լավ էին նրանք իրենց զգում այնտեղ և ինչ երջանիկ էին։ Հայրը գյուղի (Զեյթունում) ամենահարուստ մարդն էր։

«Մի օր»,- ասաց նա,- «թուրք ժանդարմները հավաքեցին բոլոր տղամարդկանց և հետո նրանցից էլ ոչինչ չիմացանք։ Այնքան շատ էի սիրում հայրիկիս, այնքան լավն էր։ Հետո մայրիկիս ու մյուս կանանց հավաքեցին ու գյուղից դուրս տարան։ Նրանցից շատերը՝ ներառյալ նաև մայրս, մահացան ճանապարհին։ Թեև փոքր եմ, այնպիսի բաներ եմ տեսել, որ Դուք երբեք չեք տեսել։ Հասանք Հալեպ, և թուրքերը անունս Սիրանուշից դարձրին Ջելիլե։ Հետո ինձ հիվանդանոց տարան, որտեղ