Այս էջը սրբագրված է

Ամեն մի եղնիկի քայլով սիրտը թունդ էր ելնում․ ամեն մի զեփյուռով, որ թփերը իրար էր բերում, ալեկոծվում էր նրա սիրտը։ Այսպես անհամբեր սպասեց մինչև վերջալույս— և Լիլիթ չեկավ։

Ադամ հուսաբեկ փռվեց սեզերի վրա՝ թարթիչները գոցած, որ Լիլիթին երազե։

Լսեց մի մրմունջ ափի եղեգների մեջ. կարծեց թե մի սիրտ մորմո­քում էր այնտեղ։

Շտապով ոտքի ելավ, կտրեց մի եղեգ, մի-երկու ծակեր բացեց ցողունի վրա և սկսեց նվագել։

Այս նվագ չէր, այլ Ադամի սիրավառ սերն էր ինքնին, որ շիթ-շիթ ծորում էր եղեգնափողի միջից դարձած արցունք ու տենչանք, տենչանք ու տրտունջ։

Եվ երգում է նա.


— Լիլի՛թ, Լիլի՛թ, դու իմ ճակատագիր։
Առանց քեզ ի՞նչ է անմահությունը։
Դու հեշտանքի դրախտն ես, Լիլիթ,
Հրաշքների և հմայքների միակ դրախտն ես դու։
Երազն ես դու, հիացքն ու դյութանքը, Լիլիթ,
Դու չճաշակված գաղտնիքն ես, Լիլիթ,
Արևաղբյուրն ես դու, Լիլիթ,
Բոլոր տանջող և ապրեցնող հրապույրների արևաղբյուրը։
Անհաղթելի կինն ես դու, Լիլիթ,
Լիլի՛թ, հավիտենակա՛ն Լիլիթ․․․



Գիշերն անքուն թափառեց Ադամ՝ երգելով իր ցավագին կարոտը, որ կիզում էր նրա սիրտը։ Եվ մյուս օրն ամբողջ Լիլիթ նույնպես չերևաց։ Օրն ամբողջ թափառում էր Ադամ ու հառաչում։ Այրվում էր ու պապակում, և դրախտի ոչ մի սառն աղբյուր չէր կարող զովացնել նրան։

Ադամ որոշել էր, երբ Լիլիթին տեսնի, ծանր խոսքերով կշտամբե նրան, հանդիմանե կոպիտ ձևով և նույնիսկ սպառնա աստծու անունով։ Այնպե՛ս տառապած էր Ադամի հոգին, այնպես խիստ տառապած։


Վերջալույսին, հանկարծ թփուտների խորքից երևաց Լիլիթ բյուր սեթևեթներով[1], իր մարմնի բոլոր շնորհներով պերճացած։

Ադամ խենթի պես ցատկեց դեպի Լիլիթ, վայրկյանի մեջ մոռանալով ամեն քեն ու որոշում։

Եվ տեսավ Լիլիթին աշխույժ ու կայտառ, վազում էր մի գալարուն ու սևափայլ օձի հետևից, աչքը չհեռացնելով օձի վրայից։

  1. սեթևեթ — պճնված, չափից դուրս զարդարված, աչք ծակող զարդարանքներով