Այս էջը սրբագրված է

— Ա՛խ, արևափա՛յլ իմ Լիլիթ, ինչո՞ւ ես լուռ։ Մի՞թե չգիտես, որ քո սիրով եմ միայն ապրում. եթե սիրտս քամես, սերդ կծորե այնտեղից, միայն քո սերը և ուրիշ ոչինչ։ Տիեզերքի չափ սիրում եմ քեզ, տիեզերքի չափ․․․

Եվ բյուր փափագով համբուրեց Լիլիթի մազերի ծայրը և փաղաքշանքով համբուրեց մազերն ու աչքերին քսեց նրա ոսկեհուր մազերը։

Սակայն Լիլիթ լուռ էր և անտարբեր՝ անթարթ աչքերի հայացքը հեռուն ցրված։

― Լիլի՛թ, նազելիս, գնանք իմ տաղավարը, ամենահամեղ պտուղներից սեղան եմ պատրաստել։ Ծաղիկներից սքանչելի նեկտար եմ հավաքել և մեղուներից քաղցրագին մեղր։ Եվ վարդերից ննջարան եմ հարդարել քեզ համար։ Գերերջանիկ անուրջներով պիտի քնես, և ես մինչև լույս պիտի հսկեմ քո ոտների տակ։

Արշալույսից առաջ սրինգս նվագեմ պիտի, որ թռչեն գան քնքուշ սոխակներն ու դեղձանիկները, թիթեռներն ու դրախտակաքավները։ Երգեն ու պարեն և զվարճացնեն քեզ։

Սակայն Լիլիթ լուռ էր և անտարբեր։

Ադամ գրկեց նրա նուրբ մեջքը, ոտքի կանգնեցրեց, և թևերի վրա առած՝ տարավ իր տաղավարը։

Հոգնած էր Լիլիթ սրտի հուզմունքից։ Նրա վրա ազդել էր աստծու բարկացայտ հայացքը։ Եվ կամազուրկ պառկեց ծաղկահյուս ննջարանում։

Ադամ նրա գլուխը դրեց իր ծունկերին և հիացած ու հափշտակված՝ դիտում էր նրա բյուրեղային մերկությունը՝ ծիրանավառ վարդերի թերթերի վրա ընկողմանած։

Լիլիթ գոցել էր աչքերը, և՛ հեզ էր, և՛ խոնարհ, ինչպես վիթերը, որ երկնչում են ծաղիկների սոսափյունից անգամ։ Եվ գունատ էր մարգարիտի պես։

Ադամ փայփայում էր Լիլիթի մարմինը և ինքնին մրմնջում․

― Սիրելով, սիրելով սիրում եմ քո մարմինը, որովհետև չքնաղակերտ է քո մարմինը։

Եվ լուսացայտ է քո մարմինը, ավելի լուսացայտ է, քան կայծակի բռնկումը գիշերների մթության մեջ։

Եվ բոլոր անթերի շնորհների սափորն է քո մարմինը, և աննման պարտեզն է քո մարմինը, բոլոր սարսուռների և տենչերի հրեղեն։

Բայց մանավանդ բուրումնավետ է քո մարմինը, քան Եդեմի այծյամների մուշկը․ բուրումնավետ է ու երազաբեր, քան հասմիկներն ու հակինթները բոլոր, նարգիզներն ու նարդոսները[1] բոլոր, քան նրանց բոլոր

  1. նարդոս — եթերայուղատու թփաբույս