Այս էջը սրբագրված է

— Ուրեմն ասում ես՝ գնանք քո գոված վայրերը,— անփույթ ասաց Լիլիթ։

— Օ՛հ, աննմա՛ն Լիլիթ, գովքը ոչինչ հնչյուն է. պիտի աչքովդ տեսնես այն գերահրաշ պուրակները, աղբյուրները, լճակները, որ հասկանաս դրախտի անհուն շքեղությունը։

Եվ Ադամ ցույց տվավ գնալիք ուղին։

— Ո՛չ, այսպե՛ս գնանք,— ասաց Լիլիթ՝ մատնանշելով Ադամի ցույց տվածի հակառակ կողմը։

— Ներիր, նազելիս, սա՛ է ճանապարհը,— մեղմով առարկեց Ադամ։

— Այսպե՛ս գնանք,— կրկնեց Լիլիթ։

— Անգի՛ն Լիլիթ, այդ ճանապարհը լա՛վը չէ այնքան։ Ես գիտեմ բոլոր շավիղները,— և ցույց տվածս է ամենագեղեցիկը։ Ներիր, որ ասեմ, թե դու չգիտես։

— Ո՛չ,— զայրացած ասաց Լիլիթ,— և վերջապես ես ա՛յս եմ ուզում. եթե չես գալիս, ես մենակ կերթամ։

Եվ ոտք դրեց իր կամեցած ուղին։

Ադամ հլու հետևեց նրան։ Մի պահ գնալուց հետո՝ Ադամ համարձակվեց ասելու.

— Չքնա՛ղ Լիլիթ, աղաչում եմ, հիմա էլ փորձիր իմ ասած ճանապարհը։

— Շատ լավ,— զիջեց Լիլիթ, թող քո ասածը լինի։ Արդեն միշտ քո ասածն է լինում։

Ճանապարհի ափերին, հազարաբույր ու հազարաթույր ծաղիկները բյուր–բյուր ձևերով՝ պճնազարդել էին բուրաստանները։ Երազանման թիթեռների բույլերը ճախր էին առնում կանաչի ու կակաչի մեջ Լիլիթի շուրջը։ Պուրակներում բանաններն ու անանասները բոլորել էին լճակները, ուր ցոլացայտ ձկներն էին խայտում նունուֆարների և լոտոսների հույլերի մեջ։

Սաղարթախիտ ստվերների տակ արծաթյա և ծիածանավառ սիրամարգներն էին ճեմում զմրուխտահավերի և ծիրանահավերի հետ։ Մարգից մարգ ոստոստում էին դրախտահավերն ու քնարահավերը։

Դարաստանների[1] վրա, բուրալից օդում, անուրջների պես, ցանու­ցիր, թափառում էին երփնավառ[2] թռչունները և երգում էին հազար դայլայլներով, հոգեհմա[3] գեղոններով[4] իրենց սերն ու տենչերը։

  1. դարաստան — լեռնավայր
  2. երփնավառ — բազմազան պայծառ գույներով
  3. հոգեհմա — հոգին հմայող, թովող
  4. գեղոն — գեղգեղանք