Այս էջը սրբագրված է

Ոսկեկեղև ծառերից կախված էին հեշտագրգիռ պտուղները կախարդիչ գույներով ու ձևերով։

Լիլիթ պոկում էր սիրտն ուզածը և հիացած ճաշակում։ Հափշտակված էր Լիլիթ դրախտի տեսարաններով․ անթարթ նայում էր շուրջը, ետ դառնում և նորից նայում։

— Հոգյա՛կս,— ասաց Ադամ,— ահա այնտեղ է իմ տաղավարը։

Սակայն Լիլիթ անուշադիր՝ չլսեց Ադամին և քայլում էր զմայլած ու վերացած։

Նա թռչունների պես ոստոստում էր, քան թե քայլում, լուսակաթ ոտները գետնին չէին հպում։

Իսկ Ադամ ծանր ու հաստատուն քայլերով հետևում էր նրան, աչքերը չհեռացնելով նրա կրակե բոցերի պես ծփծփող, ճաճանչագեղ մազերից։

Զգացումի հզոր ու անզուսպ մի ալիք մղում էր Ադամին գնալու և Լիլիթի ոտների տակ փշրվելու, և Ադամ, արագացնելով իր քայլերը՝ մոտեցավ Լիլիթին, վախով բռնեց նրա հրեղեն արմունկից և հոգեսպառ ասաց.

— Ի՛մ չքնաղ ընկերս, նայիր հեռուն, ի՜նչ վսեմ է։

Լիլիթ աչքի ծայրով անտարբեր նայեց հեռուն։

Եվ հեռուն երկնաձիգ լեռներն էին սուզվել կապույտ լռության մեջ, արծաթացոլ ձյունապսակներով։ Սյունաբարձ ապառաժներից գլխիվայր նետվում էին ջրերը և ահագնագոչ դղորդով լեցնում անձավները, ուր խարտյաշ այծյամներն էին հանգիստ առնում։

Լեռների ոտների տակ սնդուսի ծովն էր հևում, ուր լուսափետուր որորները քնքշորեն խփում էին իրենց կուրծքը ոսկեծայր կոհակներին և սուրում էին դեպի հեռավոր զմրուխտաշող կղզիները։ Այնտեղ երփնաթերթ ծաղիկներն էին խնկում և բարձրուղեշ[1] արմավենիներն էին օրորվում գուրգուրող հովերի մեջ։

― Տեսա՞ր, հոգիս, ինչ գեղեցիկ է։ Ես չէի՞ ասում,— շշնջաց Ադամը և գորովով գրկեց Լիլիթի մեջքը։

― Վատ չէ, բայց իմ ասած ճանապարհը նույնպես լավն էր,― ասաց Լիլիթ և, ոստում անելով՝ թռավ Ադամի գրկից դուրս և կանգնեց ափին մոտակա առվակի, որ զվարթ ծիծաղով թավալվում էր խայտաբղետ ավազահատիկների վրա։

― Օ՛հ, ի՜նչ սիրուն են այս մանր քարերը, ի՜նչ սիրուն գույներ ունեն․ կարմիր, կապույտ, կանաչ, ոսկե… Ադա՛մ, տուր ինձ այդ խիճերից մի քանի հատ։

― Լիլի՛թ, այս ի՜նչ են որ։ Ես գիտեմ այնպիսի խիճեր, որոնք

  1. բարձրուղեշ — ուղեշները (ճյուղերը) բարձր