Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/10

Այս էջը հաստատված է

նրանք միայն լուռ, առանց շշուկի անցնում են գրքի եջերով, իսկ բոլոր տղամարդիկ, և՛ ծերերը և՛ յերիտասարդներն ուրախանում են, խմում, խոսում, սրախոսում: Կանանց այդ կամազրկությունը վորոշակի արձանագրել ե իր գրքի եջերում Աբովյանը և վոչ առանց հիացմունքի։ «Տրեխները կամ լապչիները հանելիս,— ասում ե նա,— ձեռն եր վոր ընկնում եր։ Վո՛րը վոտն եր ճմռում, վո՛րը ջուրն եր բերում, վո՛րը վոտն ու գլուխը լվանում, վո՛րը թևերն եր քաշում, վո՛րը շորերը դարսում, վո՛րը տեղը քցում քնացնում։ Քնած վախտին ել յե՞րբ կարեր մեկ ճանճ, վոր նրա մոտով անց կենա կամ յերեսին նստի, ենքան աչքաբաց եյին հարսն ու աղջկերքը։ Մեկ ղոնաղ պատահածին պես, ես պատիվը ղոնաղինն եր. յե՞րբ կարեյին նրանք բաց աչքով նրա յերեսին մտիկ տալ, մեկ բան ուզելիս վոտի տեղը գլխի վրա եյին գնում, վոր նրա ասածն անեն ու ձեռները դոշներին դրած, աչքը կթած ունեյին, վոր տեսնեն թե իրանց տերը կամ ղոնաղը ինչ կհրամայե, վոր կատարեն։ Կեսուրը կամ կեսարը մեկ աչքը քցելիս ուզում եյին վոր տեղն ու տեղը հալչեն, ենքան հնազանդ եյին»։

Աբովյանին, շեշտում ենք, չնայած նրան, վոր յեվրոպացի յե, չնայած վոր նա գերադասել ե գերմանուհու վրա ամուսնանալ, այնուամենայնիվ հմայում են և՛ կանանց ստրկական այդ հնազանդությունը և՛ ընդհանրապես նահապետական հարաբերությունները։ Դա արդեն նրա վերը գծված յերկվության արտահայտություններից մեկն ե։ Պետք ե շեշտել, վոր միևնույն վերաբերմունքը դեպի նահապետական անցյալը նկատելի յե նաև հետագայի հայ սոցիալ-նարոդնիկների շատ֊շատերի մեջ, վորոնք վոգևորությամբ և նույնիսկ առանձին ազգային սնապարծությամբ յերգում են հայ կնոջ նահապետական համեստությունը, ամոթխածությունը, չնկատելով ամենևին հոգեկան այդ հատկությունների ստրկական բնույթը։

Աբովյանը վոչ միայն սիրում, համակրում ե իր գյուղական հայրենիքի այդ և վերը գծված բնորոշ կողմերը, այլև հավատացած ե խորապես, վոր բոլոր հատկանիշները հարատև պիտի մնան, անխախտ, անփոփոխ։ Նա ամենևին չի մտածում այն մասին, վոր յերբևիցե կարող են փոխվել հասարակական պայմանները, վոր յերբևիցե կարող ե հեղաշրջվել հին պրիմիտիվ գյուղացիական հոգեբանությունը։

Յեվ նրա յուրորինակ այդ համոզմունքին խոշորագույն չափով նպաստում եյին հենց տիրող հասարակական և տնտեսական պայմանները։

Պատմական֊հասարակական այդ անցյալում այլ կերպ մտածել կամ խորհել Աբովյանը չեր ել կարող։ Կայուն հետամնաց տնտեսական