...Ներս մտնողը մի գեղեցկադեմ, գեղեցկակազմ, գանգրահեր, բարձրահասակ յերիտասարդ եր. պաշտոնազգեստից կարելի յեր ճանաչել, վոր նա գավառական վարչության ծառայողներից ե. իսկ Բղդեն անունից հասկացավ նորա ով լինելը և մտքումն ասաց. — Շատ հարմար ժամանակ եր, նշանակում ե գործս հաջող ե։
— Ո՞վ եր ներս յեկողը։
— Փոքր կնյազն եր։
— Բայց ո՞վ ե փոքր և ո՞վ ե մեծ կնյազը։
— Մեծն ինքը գավառապետն եր, փոքրն յուր ոգնականը։
Այս անունով եյին հայտնի այս յերկու պաշտոնյաները գյուղացուն.
բայց թե իսկապես թե ի՞նչ մարդիկ եյին, ի՞նչ ազգից եյին,
ի՞նչ ազգանուն ունեյին, — գավառացու գիտենալու և դատելու սահմանից
վեր եր. բավական եր, վոր նորեկ պաշտոնեյին մի անունով
կնքեց ամբոխի մի տանուտեր, մի գյուղական պատվելի, և
ահա ամբողջ գավառն այդ կոչումով ե ճանաչում յուր մեծավորին՝
առանց ուշադրության առնելու, թե յուր կոչած անունը պակաս-
պռատ ե, սուտ ու սխալ ե։
Այս իսկ հիման վերա, Բղդեյին հյուրասիրողը կոչվում եր մեծ
կնյազ, իսկ ոգնականը՝ փոքր կնյազ։
— Ի դեպ, մեր յերեկվան խոսակցության առարկա յերկոտանի
վորսն յուր վոտքովն ե ընկել, ասաց մեծ կնյազը փոքրին՝ Բղդեյի
համար անհասկանալի լեզվով. ել հարկավորություն չկա սրան անհանգիստ անելու, սա յուր գործը հասկացող և յերևում, սրան պինդ
պետք ե բռնած։
— Ահա, պարոն Բաղդասար, խոսքը հայերենի դարձրեց գավառապետը,
պստիկ կնյազն ել լսել և քո անունը, ուրախ ե, վոր
քեզ տեսնում ե։
— Շատ շնորհակալ եմ յերկուսիցդ ել, ձեր վոտքի հող ու
մոխիրն եմ:
— Յես փոքր կնյազին խնդրեցի, վոր քեզ վերա քաղցր աչք
ունենա, դու այսոր գնա, սորա դուռն ել ճանաչիր։
— Իմ ոչքի, իմ գլխի վերա։
— Յես սրան ասացի, վոր դու կապալառուի գործակալն ես,
սա խոստացավ ամեն ժամանակ քեզ ոգնել։
— Յես ել իմ ձեռքիցն յեկած ծառայությունը միշտ պարտք
կհամարեմ կատարելու։
— Գնա ուրեմն դուրսն սպասիր, մենք ինչ հարկավորն ե՝ կխոսենք,
ինչ անելու յենք՝ սորա ձեռքով կանենք։
Բղդեն յերկիցս և յերիցս գլուխ իջեցնելով՝ դուրս գնաց։