Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/112

Այս էջը սրբագրված է

— Յերազում հո չեմ, մտածեց Սամփսոնը և նորից աչքերը ճմռեց։


— Ի՞նչ յերազ, ճրագ ե՝ վոր կա, ինքն իրեն պատասխանեց նա մտքումն ու ամենայն զգուշությամբ անցավ Բարսեղենց կանացի սենյակը, մոտեցավ մեծ լուսամտին ու աղոտ ապակուց ներս նայեց։


Սամփսոնը հանկարծ թափահարվեց, ամբողջ մարմնի մեջ ցնցումն անցկացավ և ծնկները ծալվեցին. նա չոքեց լուսամտի առաջին և սուր աչքերով դիտում եր տան ներսը։


Անտեղի չեր Սամփսոնի յերկյուղը։ Բարսեղենց տանը հյուրեր կային, այնպիսի վտանգավոր մարդիկ՝ վորոնց դեմ ինքը պետք ե ընկճվեր, կամ նրանց կործաներ։ Յեվ նա դաշույնը հանեց. յերկու քայլ և սենյակի ներսն արյունհեղություն եր կատարվելու. բայց նա այդ չարավ, խելոքություն համարեց սպասել։


Այժմ նա նստեց լուսամտի տակին։


Նորա բախտից պատուհանի մի աչքը կոտրված եր, թուղթն եր բռնել ապակու տեղը. դաշույնի ծայրով զգուշությամբ խազեց թուղթը: Մի փոքրիկ ծակ բավական եր ականջը դեմ տալու և ներսի խոսակցությունը լսելու. նա թղթի խազածը մատով լայնացրեց ու ականջը դեմ տվեց։


Այժմ գործում են նորա տեսանելիքն ու լսելիքը. ներսի գործողությունները բոլորը կատարվում են նորա ներկայությամբ։


Հյուրերից մեկը հետ բաց արավ յուր լայնաքղանց վերնահագուստը, ձեռքը գրպանը տարավ, հանեց մի թղթի փաթեթ և պարզեց քուրսու վերա։ Մի բաղդադի մետաքսյա թաշկինակի ծալքից փայլին տվեց վոսկյա մանյակը, իսկ տակից դուրս յեկած մատանու կարմիր հակնթյա գոհարի շողշողյունը ծակեց ուղղակի մեր դժբախտ յերիտասարդի սիրտն ու աչքերը։


— Ահա, ես մեր նշանը, Բարսեղ, կամ վեր կալ, ասա՝ աստված շնհավոր անի, կամ տուր գլխըներովս ու մեզ յերեսի վրա հետ դարձրու, վոսկի շարքը ձեռքին բարձրացրած՝ շխշխկացրեց յերկարահանդերձը։


— Ա՛յ ձեզ մատաղ, ախար եդ վոնց կըլնի, բաս հայ—քրիստոնեյություն չկա՞, բաս հախ միայն տերը կրակ չի շաղ տալ մեր գլխի՞ն, ախար մեջտեղն արյուն կա, չհաս ա։


— Քո ի՞նչ բանն ե, Բարսեղ, ընդհատեց խոսողին հոգևորականը, որենք դնող—քանդողը մենք ենք, հասցնողն ել՝ վանքցիք, յես ասում եմ՝ չհաս չի, նրանք ել հրամայում են։


— Ախար, տերտեր ջան, կամ դու վոնց կասես, կամ նրանք ինչպես իրանց հոգին կսևացնեն։