Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/117

Այս էջը սրբագրված է

բարձրացավ, դիրքն ուղղություն ստացավ, բերանը փակվեց ու աչքերի մեջ բարկության ու կատաղության կայծեր ցայտեցին։


— Չըլնիմ, չիմանամ՝ ձեն ու ծպտուն հանես, խանջալը Սամփսոնի վրա շարժեց Սոնան, թե չե՝ ըհը... և նա ծռեց դաշույնի սուր ծայրը դեպի իր կուրծքը։


Յերկչոտ յերեխայի վրա ազդեցին մոր սպառնալիքը և նա հանդարտվեց։


— Եդպես, սուս կաց. դու իմ արածներս հետո կհասկանաս, ժաժ մի գալ տեղդ ծանր նստիր, կրկնեց աղջիկն պատվերը Սամփսոնին ու դարձավ դեպի հայրը։


— Գնա, ափու, ասա եդ մարդկանցը, վոր իմ աղջիկն իր հոժար կաժքովը Խուդոյի հարսն ա դառնում, բայց նա յերկու խնդիրք ունի ձեզանից. առաջինը վոր եստեղ ևեթ Սամփսոնի թուղթը ճղեք, նրան մեկելը վոր մի շաբաթ խոստովանք պահեք, գեղը լավ հանեք (չհռչակել): Ասա, թե վոր մի անլիզու յերեխի բերանից ել ես խաբարը դուս ա յեկել, թե ձեր բելգյահը մեր տանն ա, իմ վոտը ձեր շեմքովն անց չի կենալ, ժամիցը՝ սեղանի տակիցը հետ կդառնամ ու չեմ պսակվիլ։


Սուր եր այդ րոպեյին Սոնայի ձայնը. նորա ամեն մի խոսքը լսողի անձը սարսափեցնում եր, ճրագի տակին նորա կերպարանքը վսեմ և սքանչելի յեր, դողդոջյուն ձայնը խիստ ազդու յեր։


— Ասա՝ շարունակեց գռեհիկ գյուղականի ամաչկոտ աղջիկը, վոր բաղդադի աղլուխն ու մատանիքը թողան եստեղ, վոսկիքը հետ տանեն։


— Դե, են գինու գավը տուր, այ կնիկ, անգիտակցաբար ասաց Բարսեղը Մարգարտին, տանեմ մի մին թաս աչքալիսեք լակացնեմ (խմեցնել) ու ճամփու քցեմ։


— Մի կաթիլ ել չի կատելի, վերցրած գավը մոր ձեռքիցը խլեց Սոնան, ասա՝ աղջկանս կամքն ա, վոր ես իրիկուն նշանը թողալուց ավելի ձեր բերանը վոչինչ չպտի մտնի։


— Ախար եդ ինչպես կըլնի, այ աղջիկ, բաս նշան կտան ու աչքալիս չեն խմի՞լ։


— Ա՛յ եսպես, ասաց Սոնան և դաշույնը ձեռքին շտապեց բաց անել միջին դուռը և ուզում եր դուրս ընկնել մյուս սենյակը։


— Կաց, ճար կտրածի աղջիկ, հառաջ ընկավ մայրն և արգելեց։ Գնա, տնաքանդի մարդ, գնա ասա, ել ի՞նչ ես ուշացնում։


Մարգարիտը դուռը կիսաբաց արավ և մարդին դուրս հրեց հյուրերի մոտ։


— Ծիծն ուտեմ խելոք բալուկի, դու յել գնա, դռան արանքը