Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/124

Այս էջը սրբագրված է

տությունից, վոր իրանց այնքան զգալի չե, սովոր լինելով այդ հոտին։ Վոչ մի տղամարդ կամ կնիկարմատ չկա, վոր յերկու շապիկ ունենա, շապկաընկեր հո—շատերը մեկն ել չեն ունենում։ Շատ անգամ տեսնում ես սրա կամ նրա կուրծքը աղլուխով ծածկված. այդ նշան ե, վոր ժրաջան տանտիկինը իր կամ մարդու շապիկը նույն որը բարեհաճել ե լվանալ։ Այդ ել հհարկե զատկից զատիկ կլինի կամ շատ շատ՝ հինգ նավակատիքներին... Բայց թափ են տալիս թոնդրումը ամիսը մեկ կամ յերկու անգամ... Ո՜հ, վոր միտս եմ բերում, գլխիս ցավը բռնում ե... Ահա այս մաքրասեր իմաստուններն են, վոր ինձ գիժ են համարում, վորովհետև համարձակում եմ ասել, վոր վոջիլն աստված չի ստեղծել, այլ դուք եք ստեղծում ձեր անմաքրությունովը...


Դու լավ գիտես, վոր մեզանում փոքրերն իրավունք չունին մեծերին ընդդիմախոսելու... Մեզանում չկա «ներեցեք», վորովհետև դա մարդավարության կվերաբերի, վորի անունը դեռ լսած չեն մերոնք։ Անեծք, հայհոյանք... անլուր հայհոյանքների մեջ մտնում ե և արարողը և նրա ամենայն արարածը։ Կռիվը կատարվում ե դագանակով, սրով և հրացանով։ Չարակամությունը սահման չունի, վոխակալությունը ժառանգական ե, պիտի շարունակվի վորդոց վորդի։ Սեր կա, անասնական, բարեկամություն՝ խաբեբայական, խնդակցություն՝ րոպեյական, գթություն՝ բռնակալական, յեղբայրություն՝ կայենական, հայրություն՝ գազանական... Վոչ, յես այստեղ չեմ կարող մնալ...


Մի հատիկ հոգի, վոր այստեղ ինձ մխիթարում ե, այդ իմ մայրս ե։ Մայրս Ռեբեկայի վիճակումն ե։ Ինչպես Ռեբեկան իր վորդի Հակոբին միշտ պաշտպանում եր հոր ատելությունից, այսպես ել իմ մայրս պատրաստ ե իր կյանքը զոհել ինձ համար։ Նրա սերը դեպի ինձ այնքան մեծ ե, վոր՝ չնայած իր կանխակալ կարծիքներին՝ հավատում ե իմ բոլոր ասածներին և հոգվով չափ փառավորվում, վոր ինձ նման իմաստուն վորդի ունի։


Մի բան, վոր ինձ զարմացնում ե, այն ե, վոը հայրս վոչ միայն չի ուզում ոգնել ինձ, վոր յես ուսումս շարունակեմ, այլ իմ մոտն ել չի ուզում պահել... ահա ցավն ինչ տեղ ե։ Ինչ արած, յես ել մտքումս դրել եմ գնալ դեպի մի կողմ, ուր վոր աստված կառաջնորդե։ Յեթե վողջ կմնամ, ելի կտեսնենք միմյանց, իսկ յեթե վոչ՝ մյուս կյանքումը կսպասեմ քո տեսությանը։ Իմ վերջին կտակը, վոր ուզում եմ քեզ հայտնել՝ այս ե՝ — Յեթե աստված տա՝ լավ ուսումն ստանաս, գեղացոց համար մի ամսաթերթ հրատարակիր հասկանալի լեզվով մտքով։ Տպած խոսքը՝ ինչքան ել հիմար լինի՝ ավելի անց կկենա, քան թե ինձպեսների յերես առ յերես խոսիլը: