Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/143

Այս էջը սրբագրված է

ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԼԵՎՈՆԻ ԴԱՌՆ ԽՈՀԵՐԸ


* * *


Յերանի նորան, վոր նախապաշար
մերժելով կարծիք, սիրել ե լսել
սրտի համոզման, և անհիշաչար
սուրբ ճշմարտության կողմն ե համբուրել։

Յերանի նորան, վոր նախամեծար
առնելով պատիվ սնոտի փառքին,
ազատ գնում ե կյանքի ճանապարհ,
ձեռը պարզելով յուր նպատակին.

Վոր բացել ե սիրտն ուսման առաջև,
զրահավորված ընդդեմ չարության,
վոր ներշնչելով գիտության անձրև,
պտղագործել ե հոգու անդաստան։

Իցե թե և հայն, մի որ սթափված
խավարի գրկից, նախանձող լիներ
այս մեծ խրատին, և պայծառացած՝
յուր մեռելություն լուսով փարատեր։

Իցե թե աստված, հայն խոստովաներ
յուր անոսրամիտ առաջնորդների
վարդապետություն, յուր մտքի վերքեր,—
և թափեր դոցա վորպես թույն իժի։

Յեվ հառաջ Լևոն։ Սարեր, հովիտներ
անհետանում են նորա աչքերից
մի չնաշխարհիկ բացվում ե պատկեր
սպիտակափառ Կազբեկի գլխից։

Սպիտակ կատարն բարձր լեռների,
կարծես, յերկնքի դիպչում են ամպին,
և ձյունից հուսած թագ ադամանդի
պճնում են նոցա հպարտ գագաթին։

Յեվ քարանձավից արծիվ մենավոր,
թևերը լայնած, գիտե սավառնել
այնքան անթափանց և այնքան հզոր,
մինչև հետամուխ աչքերից կորչել։

Ով, արծիվ, արծիվ, քանի ոդապար
վերացել ես դու կապուտակ սահման.
ա՜խ, յեթե հայի դրոշը բարձրանար
անարգ կապանքից մինչ այդ աստիճան...