Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/155

Այս էջը սրբագրված է

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՐԵՐ


* * *


Մանկության որեր, յերազի նման
անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
ո՜հ դուք յերջանիկ, ոհ անհոգ որեր,
ընդունակ միայն ուրախացնելու։
Ձեզանից հետո յեկավ գիտություն,
յուր ծանր հայացքով աշխարհի վրա,
ամեն բան ընկավ մտածության տակ,
րոպե չմնաց ազատ կամ ունայն։
Գիտակցությունը հաջորդեց սորան.
ազգի վիճակը ծանրացավ սրտիս...
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
վորպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավաղ, այն քնարը իմ ձեռքում հնչեց
նույնպես լալագին, նույնպես վշտահար,
ինչպես իմ սիրտն եր, իմ զգացմունքը.
ուրախացուցիչ չգտա մի լար։
Յես այն ժամանակ միայն զգացի,
վոր այդ ցավերից ազատվելու չեմ,-
վորչափ իմ ազգս կմնա ստրուկ
ոտարների ձեռք, անխոս, տխրադեմ։
Մանկության որեր, ինչու այդպես շուտ
թռաք գնացիք, անդարձ հավիտյան.
յես այն ժամանակ անհոգ ու ազատ
կարծում եյի ինձ աշխարհի իշխան։
Գերության շղթան ինձ զգալի չեր,
և վոչ բռնության անգութ ճանկերը,
ձեզանից հետո ծանրացան նոքա,
ոհ, անիծում եմ յես այս որերը։
Լուռ կաց, դու քնար, այլ մի հնչիր ինձ,
Ապոլլոն, հետ առ դարձյալ դու նորան,
տուր մի այլ մարդու, վոր. ընդունակ ե
զոհ բերել կյանքը սիրած աղջկան։
Յես պիտի դուրս գամ դեպի հրապարակ,
առանց քնարի, անզարդ խոսքերով.
յես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
խավարի ընդդեմ պատերազմելով։
Ներկա որերում այլ ինչ սև քնար,
սուր ե հարկավոր կտրճի ձեռքին,
արյուն ու կրակ թշնամու վերա,
այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին...