Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/174

Այս էջը սրբագրված է

Վանքը պատած ե պարիսպներով և աշտարակներով. նա ունի իր մեջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանության համար և շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսության, մշակների և անասունների համար։ Յերբ վոր Ջալալեդդինի արշավանքի ձայնը հասավ այս կողմերը, վանքի ոթևանները լիքն եյին Աղբակա բնակիչներով, իսկ նրանց թանգագին հարստությունները պահված եյին տաճարի գաղտնի պահարաններում։ Յեվ «Վանքի գյուղում» հավաքել եյին նրանց անասունները։


«Վանքի գետը», վոր հոսում եր ձորի միջով, իր յեզերքում թողնում եր բավական ընդարձակ և հարթ տարածություն, վոր պատած եր խոտով, և ներկայացնում եր մի կանաչազարդ հովիտ, վոր գարնան սկզբում վառվում եր դեղնագույն ծաղիկներով։ Այս մարգագետինների վրա արածում եյին վանքին պատկանող ձիաների յերամակները։


Մի առավոտ սարսափելով նկատեցին, վոր հիշյալ հովտի վրա, գետի ափերի մոտ, կազմված եյին բազմաթիվ վրաններ։ Քրդերի խաշնարածները իրավունք չունեյին վանքի մոտ, նրա կալվածների վրա զետեղել իրանց չադրները. ուրեմն դրանք լինելու եյին այն ինքնակոչ հյուրերը, վորոնց սոսկալի յերկյուղով սպասում եյին վանականները։ Ամենքը մեծ տագնապի մեջ ընկան։ Ամեն կողմից վոչխարներ, կովեր և յերկրագործական անասուններ սկսեցին քշել դեպի գյուղը։ Տագնապը ավելի մեծացավ, յերբ մի հովիվ լուր բերեց վանահորը, թե Ջալալեդդինը բազմաթիվ քրդերով իջևանել ե վանքի մարգերի վրա։


Վանահայր Յեղիազար վարդապետը մի վիթխարի մարդ եր։ Թեև նրա ականջները ծանր եյին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, վորպես ասում են, նա «կես քուրդ» եր դարձել, այսինքն աներկյուղ այրական սիրտ եր ստացել։ Յերբ լսեց հովիվի բերած լուրը, նա ամենեին չզգար այն հուսահատական յերկյուղը, վոր տիրում ե թուլասիրտ մարդերին վտանգի րոպեներում։ Վանահայրը նույն միջոցում նստած եր իր փոքրիկ խուցի մեջ և նրա մոտ գտանվում եր մի քուրդի իշխան բավական համակրական դեմքով։ Վերջինը Ոմար-աղան եր։ Յերկուսն ել դուրս գնացին, յերբ լսեցին հովիվի խոսքերը։ Նբանք դիմեցին գեպի վանքի արևելյան պարսպի կողմը, վորտեղից յերևում եր շեյխի բանակը։ Թե վանահայրը և թե քուրդ ազնվականը, դիտակիները ուղղելով դեպի բանակը, միքանի րոպե շարունակ նայում եյին։


Նա յե, ասար Ոմար-աղան վրդովված ձայնով.— ծերունի ավազակը բավական բազմություն ե հավաքել իր շուրջը։