Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/183

Այս էջը սրբագրված է

շե արևի դուրս գալը դուք կանցնեք Պարսկաստանի սահմանը, և Սալմաստում տեղային հայերի մոտ վողորմելիները ապահով կլինեն, վորովհետև այնտեղ են փախել բոլոր ուղբակեցիք, վորոնք ազատվել են քրդերի ձեռքից։ Սալմաստը պարսից յերկիր ե, այնտեղ տաճկաց քրդերը մուտ գործել չեն կարող։ Լսիր, ամենևին ցույց չպետք ե տաս հայությունդ և գերիները չպետք ե գիտենան, թե ով ազատեց նրանց։ Պարսից սահմանից դու կդառնաս քո ընկերների հետ և մեզ կգտնես Իրցի—ձորի մեջ, այն քարանձավում, վոր քեզ ծանոթ ե։ Իսկ յես այդ անպիտաններին կպահեմ կիրճի մեջ մինչև դուք բավական կհեռանաք, և արևը դեռ չծագած, բաց կթողնեմ։


Դալի—Բաբան համբերությունը հատած, պատասխանեց.


— Անիծված լինեմ, յեթե յես տերտեր ժամանակս մի այսպիսի յերկար քարոզ եմ տվել։ Որհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այսչափ բրդում. յես խո նոր չեմ սովորում իմ գործը։


— «Ուրիշի խրատը լսիր և իմացածդ ել քեզ պահիր», ասել են մեր պապերը, պատասխանեց Սարհատը ծիծաղելով։ — Հիմա գնացեք։ Տեր ընդ ձեզ։


Քարավանը սկսեց շարժվել դեպի Սալմաստա կողմը ազատված մարդու բոլոր արագությամբ, վոր դեռ նոր փախչում եր վտանգից։ Գիշերային լռության մեջ լսելի եյին լինում ջերմորենություններ այն բազմաթիվ թշվառների բերանից, վորոնք արտասվալի աչքերով մերձենում եյին դեպի իրենց ազատիչները...

————

Մտնելով վանքի տխուր կամարների ներքո, Սարհատի սրտում կրկին բաց յեղան հին—հին վերքերը: Այս սրբարանը խիստ խորին հիշատակներով կապված եր նրա հոգու հետ։ Այստեղ անցուցել եր նա իր մանկության ամենաթանգագին տարիները. այստեղ հանձնել եյին նրան աղոթող աբեղաների հսկողության ներքո ուսանել ինչ վոր կրոնը և սուրբ գիրքը ներշնչում ե մարդու մեջ, ինչ վոր հանգցնում ե վառ զգացմունքը, մեռցնում ե հոգին, բթացնում ե միտքը... Յեվ միևնույն վանքի պարիսպների մոտ մի գեղեցիկ հրեշտակ վոգևորեց նրան սրբազան հափշտակությամբ. նա կրկին կենդանացրեց վանական ժանտախտից մեռած սիրտը, և փրկարար ձեռքով խավարից դուրս քաշեց նրան և ձգեց լույս աշխարհ... Իսկ այժմ չկար այն հրեշտակը...


Մինչ թշվառ յերիտասարդը ընկղմված եր իր տխուր մտախոհությունների մեջ, նրա ընկերները կազմել եյին մի ճոխ սեղան,