Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/191

Այս էջը սրբագրված է

թչունները, բոլոր ծածկոցները, վոր պետք եյին մի կանոնավոր տընտեսության համար։ Այստեղ եր վոչխարների գետնափոր գոմը, այստեղ եր ձիերի, կովերի և գոմեշների փարախը, վոր, անասունների տեսակի համեմատ, առանձին-առանձին բաժանմունքներ ուներ։ Այստեղ եր սարայը յերկրագործական անոթները պահելու համար այստեղ եր մարագը, հարդանոցը, խոտանոցը, վորոնց մեջ պահվում եր անասունները դարմանելու. պաշարը. այստեղ կային զանազան մառաններ, զանազան ամբարներ մշակության բերքերի համար։ Այստեղ կային և միքանի խուղեր, վորոնց մեջ բնակվում եյին ծերունի Խաչոյի հովիտները և ծառաները իրանց ընտանիքներով. դրանք բոլորն ազգով քուրդ եյին, կնիկները ծառայում եյին վորպես աղախիններ, իսկ տղամարդիկը վորպես նախրապաններ, հովիվներ կամ յերկրագործական մշակներ։ Մի խոսքով, այդ ամրոցի մեջ բովանդակում եր մի փոքրիկ գյուղ, վորի միակ տերը և պետը ծերունի Խաչոն եր։


Նրա գերդաստանի համար վորոշված բնակարանները իրանց շինվածքով և բաժանումներով այնքան բազմատեսակ և բաղադրյալ չեյին, վորպես այդ հորինել ե մեր նոր քաղաքակրթված աշխարհը։ Այլ դեռևս պահպանել եյին այն նախնական պարգությունը և ձևը, յերբ մի ամբողջ ընտանիք ապրում եր մի վրանի տակ, այն զանազանությամբ միայն, վոր այժմ այդ վրանին փոխարինում եր քարեղեն շինվածքը։ Նրա բազմաթիվ վորդիների համար, վորոնց յուրաքանշյուրը իր զավակներով մի մեծ ընտանիք կարող եր կազմել, առանձին սենյակներ չկային, այլ բոլորը ապրում եյին միևնույն հարկի տակ, միևնույն սենյակում, վոր ուրիշ վոչինչ չեր, եթե վոչ շորս պատ, ծածկած ահագին գերաններով։ Այստեղ վառում եյին, այստեղ թխում եյին, այստեղ կերակուր եյին պատրաստում, այստեղ բոլորը միասին ուտում եյին և այստեղ բոլորը միասին պառկում եյին։ Այստեղ կարելի յեր տեսնել նորածին հորթեր, փոքրիկ ուլեր վորոնք խառնված յերեխաների հետ, վազվզում եյին, թռչկոտում եյին, աղաղակում եյին և տունը լցնում եյին կենդանի աղմուկով։ Այստեղ հավերը շատ անգամ ներս եյին մտնում և հատակից քաղում եյին փշրանքներ կամ ուրիշ այս տեսակ բահեր, վորոնք յերեխաների ձեռքից անխնա ցած եյին թափվում։ Մի խոսքով, դա Նոյի տապանն եր, ուր զետեղված եյին ամեն տեսակ կենդանիներ։ Այդ բնակարանին կից եր մի յերկրորդը։ Դա առաջինից զանազանվում եր նրանով միայն, վոր առջևի ճակատը բոլորովին բաց եր և նայում եր բակին։ Դրան կոչում եյին սրահ և ծառայում եր վորպես ամառվա բնակարան։ Սրահի միջից բացվում եր մի դուռն գըլ-