Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/195

Այս էջը սրբագրված է

ճակատին կախարդական ձուն, վոր ազատ պահե չար աչքից: Բացի դրանից, նա տերտերին գրել եր տվել մի—մի թիլիսմանական աղոթք, և յեռանկյունի ձևով կանաչագույն կաշու մեջ կտրելով, քարշ եր տվել իր անասունների պարանոցից։ Գյուղացիները տեսնելով, գովում եյին Խաչոյի վորդիներին, վոր կարողացել եյին այնպես լավ պահել իրանց անասուններին։ Հայրը, լսելով իր վորդիների գովասանքը, ուրախանում եր։ Այսպես պետք ե նրանք ամեն որ դուրս բերեյին «խամ պահած» անասուններին, մինչև մի փոքր ընտելանային, մինչև մի փոքր սովորեյին դրսի ոդին և լույսին, վոր այնուհետև սկսեյին հերկը հերկել։

————

Ապրիլ ամիսը բերեց իր հետ ավելի տաք և ավելի պայծառ, որեր: Լեռների վրա կարմիր, դեղին և սպիտակ շուշանները վաղուց արդեն ծաղկել եյին, և քրդերի աղջիկները քաղելով, փունջեր եյին կապում, և հայերի գյուղերում ման ածելով, փոխում եյին մի կտոր հացի հետ։ Սունկը, բոխին, ծնեբեկը, մանդիկը, սիբեխը և լեռնային զանազան բանջարեղենները այս տարի այնքան առատ եյին, վոր մի ավանակի բեռը քրդի կանայքը փոխում եյին մի քանի ֆունտ ալյուրի հետ:


Ծերունի Խաչոյի վորդիները արդեն սկսել եյին դաշտում իրանց վարը վարել։ Աշխատությունը սկսվել եր ամեն տեղ։ Գյուղի մեջ մի անգործ մարդ չեր կարելի գտնել։ Ամեն վոք զբաղված եր իր մշակություններով։


Առավոտյան ժամն եր։ Ծերունու տան թոնիրները վառվում ելին մեկի վրա դրած եյին պղնձե ահագին կաթսաներ և խեցեղեն մեծ—մեծ պտուկներ, կերակուր եյին յեփում, մյուսի մեջ հաց եյին թխում: Հարսները, աղախինները, հավաքված թոնիրների շուրջը, ընդհանուր շարժողության մեջ եյին։ Տունը լցված եր կերակուրների անուշ շոգիով, ներկայացնում եր մի հսկայական խոհանոց, վորի մեջ, տեսնողը կմտածեր, թե պատրաստվում ե ճաշ մի ամբողջ բանակ կերակրելու համար։ Յեվ իրավ, բացի ծերունու ահագին գերդաստանից, նրա սեղանից կերակրվում եյին բազմաթիվ հովիվներ, մշակներ իրանց ընտանիքներով, վորոնք ծառայում եյին նրա տանը։ Դա մի ամբողջ լեգեոն եր։ Ամեն որ վառվում եյին նույն թոնիրները, ամեն որ պատրաստվում եր կերակուրների նույն քանակությունը։ Յեվ ծերունու ժրաջան հարսները մի րոպե հանգստություն չունեյին։ Պետք եր ամենի մասին հոգ տանել, պետք եր ամենին գոհացնել։