Բացի դրանից, կային տնտեսական և ուրիշ զանազան հոգսեր: Ահա այնտեղ, բակում հարսներից մեկը կովերին և վոչխարներին ե կթում. մյուսը փոքրիկ ոջախի վրա կաթ ե տաքացնում մածուն շինելու համար. յերրորդը պանիր ե մակարդում. չորրորդը հարում ե խնոցին կարագ պատրաստելու համար։ Նրանց շուրջը վազվզում են բազմաթիվ յերեխաներ և խաղում են նորածին գառների ու հորթերի հետ։ Քաղցր ե նայել այդ գյուղական բախտավորության վրա։ Մանուկ և գառնուկ, յերկուսն ել աճում են միասին,—յերկու հարստություններ, վորոնցմով ուրախանում ե, վորոնցմով պարծենում ե գյուղացին։
Բակի արևահայաց կողմում, պատի տակ, մինը մյուսի վրա,
կարգով շարված են մի քանի հարյուր մեղրի փեթակներ։ Ապրիլյան
արեգակը թափում ե այստեղ իր ջերմ ճառագայթները։ Մինչդեռ
հարսները մյուս կողմում զբաղված են իրանց գործով, ծերունի
Խաչոն այստեղ բաց ե անում փեթակների դռնակները։
Ճանճերը ուրախ և զվարթ դուրս են թափվում ծակերից, սավառնում
են նրա ալևոր գլխի շուրջը, պըզպըզում են, վըժվըժում
են, թըռթըռում են, և ոդը թնդում ե միլիոնավոր միջատների
ձայնից։ Գտնվում են նրանց մեջ և այնպիսի չարաճճիներ, վոր
կծու համբույրներ են մատուցանում ծերունու խորշոմած յերեսին։
Բայց նա ամենևին ցավ չե զգում, միայն ձեռքով քշելով, ասում
ե. «Ա՛յ, սատանա, ինչ վատություն ե արել քեզ Խաչոն»։
Նույն ժամուն Ստեփանիկը հեռու կանգնած, հետաքրքրությամբ
նայում եր հոր աշխատություններին։
— Գնա, զավակս, ճանճերը կկծեն քեզ, զգուշացնում ե հայրը:
— Ապա ինչու քեզ չեն կծում, հարցնում ե վորդին։
— Կծում են, բայց ինձ այնքան չեն ցավեցնում։
— Ինչու չեն ցավեցնում։
— Իմ մարմինը վաղուց սովորել ե նրանց խայթոցներին։
— Թող իմն ել սովորի, ասում եր պատանին ժպտելով։
Ծերունին ծիծաղում ե և համբուրում ե վորդուն։
Նույն միջոցին հայտնվեցավ գյուղի գզիրը և ասաց, վոր քուրդ
Ֆաթթահ—բեկը մարդ ե ուղարկել, թե գալու յեմ տանուտերի մոտ
հյուր, և ավելացրեց, թե գուցե շուտով կգա նա, վորովհետև շատ
հեռու չե գտնվում, այլ մերձակա լեռների վրա վորս ե անում։
Կարծես մի սև թուխպ անցավ ծերունու պարզ ճակատի վրա և նրա
ուրախ դեմքը նսեմացավ տխրությամբ։ Բայց նա զսպելով իր ներքին տհաճությունը, պատվիրեց գզիրին, վոր դաշտից կանչե իր վորդիներից
մի քանիսին, վոր սպասավորություն անեն, իսկ ինքը խո—