Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/199

Այս էջը սրբագրված է

Բեկը վոգևորված այդ գովասանություններով, կրկին խթեց նժույգի կորղքը: Նա մի քանի զարմանալի թռիչքներ գործեց, մի քանի ճարպիկ պտույտներ տվեց տանուտերի դրան հրապարակի վրա, և այդ բոլոր գործողությունների մեջ յերևում եյին ազնիվ յերիվարի գեղեցիկ հատկությունները և նրա սանձը կառավարող տղամարդի հմտությունը ամեհի ձիաներ զսպելու մեջ:


Հետո նա ցած իջավ և սանձը հանձնելով իր ծառաներից մեկի ձեռքը, պատվիրեց, վոր ման ածե, վորովհետև ձին բավական քրտնած եր:


Տանուտերը իր պատվելի հյուրի ձեռքից բռնած, մտան ոդան (հյուրանոց), վոր մինչև նրանց գալը, բավական զարդարած և կարգի յեր դրած։


Հատակը սփռած եր պարսկական թանգագին գորգերով. պատերի մոտ մինը մյուսի վրա շարված եյին փափուկ բարձեր նըստելու և թիկն տալու համար, և մի գեղեցիկ ոթոց հատկապես պատրաստված եր բեկի բազմոցի համար։


Այժմ տանուտերը, հրավիրելով իր հյուրերին նստել, ասաց իրանց յերկրում ընդունված քաղաքավարական վոճով.


— Իմ տունը ձեր տունն ե. աչքիս և գլխիս վրա տեղ ունիք. յես ձեր խոնարհ ծառան եմ. վորդիքս ձեր ստրուկներն են, իսկ կանայքս՝ ձեր աղախինները. բարով և հազար բարով եք յեկել. ամեն ինչ վոր ունեմ, ձեզ «փեշքեշ» ե։ Հրամեցեք, հրամեցեք, նստեցեք, խընդրեմ:


Բեկը շնորհակալություն հայտնեց, և Խաչոյի վորդիներից մեկը մոտենալով, վոտներից հանեց նրա կարմիր կոշիկները, և նա առաջացավ, նստեց իր համար պատրաստված բարձի վրա, վոր բըռնում եր հյուրանոցի պատվավոր կողմը։ Նրա մոտ նստեցին, վորպես մերձավորներ, իր հորեղբոր վորդիներից յերկուսը և միքանի ուրիշ ազգականներ։ Ծառաների մի մասը մնաց ոդայի մեջ և ձռքերները իրանց գոտիներում խրած ատրճանակների վրա դրած, խոնարհությամբ կանգնել եյին բեկի սպասում: Իսկ ծառաների մյուս մասը դուրս գնաց, հոգ տանելու վորսորդական շեերին և ձիանքին, վոր նույն ժամանակ վայելում եյին տանուտերի մարագի բարիքները։ Թե բեկը և թե իր ծառաները բոլորը զինվորված եյին իրերով, վահաններով, ատրճանակներով, հրացաններով և նիզակներով, վորոնց իրանցից չհեռացրին, թեև բարեկամի տուն մտան։ Խուրդը թե իր տնում և թե դրսում, թե խաղաղության ժամանակ թե կռվի ժամանակ, զենքերը իր մարմնից չի հեռացնում։ Զենքը քրդի մարմնի անբաժան անդամներից մեկն ե։