Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/20

Այս էջը հաստատված է

«Վերք Հ.»-ի մյուս մասը—դա սարդարի գործ դրած բռնությունն ե, գեղեցիկ Թագուհու առևանգումը ֆառաշների ձեռքով և այդ բռնությունից առաջ յեկած դեպքերի նկարագիրը։ Արևելյան բռնակալների սովորական մի քայլ, վոր տուրքի բնույթ եր ստացել և վորը միանգամայն անհանդուրժելի յեր հայի համար։ Յեվ պետք ե յենթադրել, վոր դա վորքան սովորական եր մահմեդական գեղեցկուհիների համար, նույնքան վայրենի բռնություն եր հայերի համար։ Սարդարի ավազակաբարո քայլը քանաքեռցիների նկատմամբ մի անսովոր իրարանցում ե առաջ բերում և վերջանում ե Աղասու հանդուգն հարձակումով ֆառաշների վրա նրանց սպանությամբ։ Անվախ ու քաջ Աղասին դառնում ե Աբովյանի սիրած հերոսը, վորին նա իդեալականացնում ե և հայ պատմական քաջերի շարքը դասում։ Բռնության այս փաստը միանգամից խանգարում ե Քանաքեռի գյուղացիների խաղաղ կյանքը և յենթարկում նորանոր բռնությունների, հարստությունների և սպանությունների։

Այս յերևույթն ստիպում ե Աբովյանին մի շարք խորհրդածություններ անելու հայ ժողովրդի վիճակի նկատմամբ։ Նա հիշում ե հայի մարտիրոսությունը և ցավելով ընդգծում, թե ինչպես «մեկ որ խոսքը մին չեր ըլում, վոր հայը իր գլուխն ազատի»։

Աբովյանը ծանր զգացումով ե համակվում, տեսնելով՝ ինչպես միքանի անորեն ֆառաշների առջև «հարիր մարդից ավելի վրա եյին թափել» (հայերից), բայց վո՛չ թե թշվառ Թագուհուն ազատելու, ավազակներին դիմադրելու. վո՜չ. հավաքվել եյին, «ձեռները ծոցներում դրել ու պատի ծերիցը մտիկ եյին տալիս»։ Ստրկական այդ իրականության մեջ Աբովյանը լույսի շողի պես փայլեցնում ե Աղասու պատկերը, վորը հետագայում դառնում ե յերևակայությամբ ստեղծված մի հերոս, վորպես բողոքի ու կռվի մարմնացում։

Ավելի ճիշտ, դա Աբովյանի գաղափարական կրկնատիպն ե։

Աղասու արտահայտած մտքերը և ունեցած ձգտումները հեղինակի մտքերն են ու քաղաքական հեռանկարները։ Վեպի այս մասում գերակշռող ե հեղինակի սուբյեկտիվիզմը, անհատականությունը, Աղասու բերանով նա գաղափարներ ե տարածում, քարոզություններ անում, խորհուրդներ տալիս հայոց ազգին, վոր սա իր «խելքը ժողովե ու կտրիչ հայ դառնա»։ «Ռուսաց հզոր քաջ ձեռի տակին,— ասում ե նա,— փոքր դինջանաս ու քո աշխարհին մուղայիթ կենաս, արյունդ թափես, քո ազգը պահես, քեզ անուն ճարես»։

Սարդարի ֆառաշներին սպանելուց հետո իր հերոսին նա փոխադրում ե պատմական Անի, ուր Աղասին կազմում ե հայդուկային խումբ և վրեժ լուծում քրդերից: