Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/215

Այս էջը սրբագրված է

եք այդ սքանչելի լեռները. մի և կես դար առաջ դրանք բոլորովին մերկ եյին, մի փոքրիկ թուփ անգամ չկար այդ սարերի վրա։ Այն ժամանակ բարբարոսների ձեռքը, վորպես անգթաբար կոտորում եր մարգերին, այնպես ել անխնա կոտորում եր ծառերին։ Բոլորը սպառված եր, ժողովուրդը վառելիքի համար գործ եր ածում աթարը, իսկ շինվածքի համար փայտ չկար. այդ պատճառով ստիպված եյին բնակվել գետնափոր խորշերի մեջ։ Բայց յերբ տիրեցին խաղաղության ժամանակները, այնուհետև ավերակ գյուղերը վեցան բնակիչների բազմությամբ, իսկ մեր լեռները ծածկվեցան անտառներով։ Այդ բոլորը տնկվել ե գյուղացիների աշխատասեր ձեռքով։ Տեսնում եք այդ կանաչազարդ հովիտը, առաջ նա մի ցամաք և անջուր անապատ եր, մի փոքրիկ գետ միայն ուներ, վորը բոլորովին ցամաքում եր ամառնային տոթերից։ Իսկ այն որից յերբ անտառները աճեցին, մեր հովիտը ստացավ ջրի առատություն։ Այժմ նա մեր գավառի պտղաբեր և ամենաարգավանդ յերկրներից մեկն ե։ Այո, շատ բաներ փոխվեցան... Առաջ այստեղ ճանապարհներ անգամ չկային, իսկ այժմ ամեն տեղ կտեսնեք հայելու նման հարթ ճանապարհներ, վոր միացնում են մեր յերկրի բոլոր քաղաքները. և այդ ճանապարհների վրա սլանում են կառքեր, վոր տարվում են վոչ թե անասունների ուժով, այլ շոգու զորությամբ։ Մեր յերկրի արդյունաբերությունները մենք վաճառահանում ենք հազարավոր մղոններ հեռու և փոխարենը ստանում ենք՝ ինչ վոր մեզ պետք ե»։


Վարդանը զարմացած լսում եր այդ բոլորը, բայց յերբ նրա աչքը ընկավ գեղեցիկ Լալայի յերեսին, հայտնի չե թե ինչու նրա խելքին յեկավ հարցնել, թե վորտեղ ե սովորել որիորդը։


- «Մի շաբաթ հազիվ կլինի, վոր ավարտեց Նոր—Վաղարշակերտի ճեմարանում, իսկ այժմ պատրաստվում ե համալսարան մտնել բժշկություն սովորելու։ Առողջությունը թույլ ե, յես կցանկանայի, վոր մի քանի ամիս անցկացներ գյուղում, բայց նրան վոչինչով չես կարող համոզել»։


— «Իսկ քանի վորդի ունիք դուք»։


— «Մեր տոհմը միշտ բազմածին ե յեղել, մեր նախապապ տանուտեր Խաչոյի ընտանիքը բաղկանում եր ավելի քան հիսուն հոգուց, իսկ յես միայն հինգ զավակներ ունեմ։ Լալան միակ աղջիկ զավակս ե, մնացած չորսը տղամարդիկ են։


— «Ինչով են պարապում»։


— «Մեկը անտառապահ ե միևնույն անտառների, վոր տեսնում եք, մեկը պրոֆեսսոր ե Կարինի համալսարանում, յերրորդը