Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/22

Այս էջը հաստատված է

պատմությունները, շատախոսությունը շատ հաճախ կտրում են գլխավոր նյութի թելը, ընթերցումը դարձնելով ձանձրալի։

Չափազանցությունները, հիպերբոլիզմը, վեպի հատկանիշներից մեկն ե: Աղասին սպանել ե յերկու. ֆառաշ, և դրա հետևանքով «աշխարքս արինը բռնել, ծով ա դառել»․․․ Կամ Անիի փարթամության և կործանման մասին խոսելով, Աբովյանը դիմում ե. «ա՛յ իմ խեղճ ազգ, հիմիկ հավատում ես, թե քո յերկրումը բյուր եսպես քաղաք կամ կրակով փչացան կամ սուրը քաշեցին»․․․

Աղասուն պատկերելիս այդ քաջ և հանդուգն տղամարդուն նա դարձնում ե հաճախ սանտիմենտալ. ավերակների հանդեպ լալով ե խոսում Քրդստանի հայ տերտերի հետ, լալով ճանապարհ դնում քրդերի ձեռքից ազատված հայերին: Դա, ըստ յերևութին, հին եպոսի ազդեցության արդյունքն ե։ Հոմերոսի Աքիլլեսն ու Պատրոկլեսն ել գիտեյին յերեխայի նման լաց լինել, հեկեկալ, ինչպես և Ռուսթավելու Տարիելը, «ընձենավորը», վորի արցունքը հեղեղի նման եր թափվում կորցրած սիրուհու համար․․․

Աբովյանի գրելու ձևը շատ հաճախ հոմանիշ բառերի կամ մակդիրների հասարակ կուտակումն ե։ Այդ տեսակետից յեկեղեցական գրականության ազդեցությունը մեծ ե Աբովյանի վրա։ Մի նմուշ. «իրանց յերեխությունը (քեդխուդաները) միտներն են բերել ու շախա անում, բոթբոթում, շվացնում, զռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում ու բազի վախտ ել հռհռում, քռքռում, բռբռում, դռդռում»։

Մի այլ նմուշ Յերևանի բերդի նկարագրությունից.—

«Կորցրած թևերն ել յեդ սաղացրած, ջարդված վոսկոռներն ել յեդ պնդացրած, գլուխը վեր քաշեց, ել յեդ շունչ առավ, վեր կացավ, կանգնեց, ուսերը դզեց, վոլորեց, սարքեց ու ել յեդ հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի թուլության, վրա փոքրոգության, անզորության ու հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով, պպին կանգնեց, մատը ցցեց ես հողաշեն, այլ վոչ քարաշեն բերդը»․․․

Յեվ սա նախադասության մի յերրորդ մասն ե․․․

Այսպես ե գրում աշխարհաբար գրող հայ առաջին վիպասանը, վորը ժամանակ չե ունեցել մշակելու իր անդրանիկ վեպն իրեն ծանոթ յեվրոպական գրվածքների որինակով՝ նյութի և լեզվի տեսակետից:

Իր միքանի պակասություններով հանդերձ «Վ. Հ.»֊ն դարագլուխ կազմեց աշխարհաբար լեզվի և նոր գրականության զարգացման տեսակետից: