Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/228

Այս էջը սրբագրված է

Նա հասավ իշխանական ապարանքը, բայց դռները յուր առջև փակված գտավ։ Այդ սարսափեցրեց նրան։ «Ուրեմն ինձ մերժում ե և իմ ընտանիքը»... մտածեց նա խորին սրտատոչոր դառնությամբ:


Այստեղ ևս նույն տխուր, նույն հուսահատական տեսարանը ներկայացավ նրա առջև։ Իշխանական հոյակապ դռան փառավոր կամարները պատած եյին սև պաստառներով, իսկ նրա առջև ահյակ կողմերում փողփողուն եյին յերկու սև դրոշակներ։


Անհնարին խռովության մեջ կանգնած եր նա հայրենական տան մուտքի առջև և չգիտեր ինչ անել։ Այդ ահարկու մարդը, վորի համար աշխարհում վոչինչ դժվարություններ, վոչինչ արգելքներ չկային, այժմ գտնվում եր բոլորովին անել և հուսակտուր դրության մեջ։ Մտածեց հետ դառնալ։


Բայց ինչպես հետ դառնալ։ Ամոթը և նախատինքը խեղդում եյին նրան։


Մտածեց բաղխել դուռը։ Իսկ յեթե բաց չանեյին։ Յեվ անպատճառ բաց չեյին անիլ։ Այդ աստիճանի արհամարհանք, այդ աստիճանի զզվանք նա չեր սպասում մորից և մանավանդ յուր կնոջից։ Նրան վորպես անառակ վորդու թողնում եյին դրսում։ Դա մի ծանր ապտակ եր նրա. յերեսին, դա մի դառն պատիժ եր նրա համար... Այդ բոլոր հանդերձանքը, այդ բոլոր ցույցերը ուղղակի ասում եյին նրան. «Դու արժանի չես վոտք դնելու հայրենական տան շեմքի վրա... Ուրացողի վոտքերը կպղծեն նրան»...


Նրա մարդիկն ևս գտնվում եյին բոլորովին շվարած դրության մեջ, վոչ վոք նրանցից չեր համարձակվում մի բան ասել։


Դռան բարձրության վրա կար մի սյունազարդ վերնահարկ, բաց յերեսով, վոր պատշգամբի ձև ուներ։ Առջևից ծածկված եր վարագույրներով։ Վարագույրները հետ գնացին։ Վերևում հայտնվեցավ մայրը։ Տառապյալ կինը հազիվհազ կարողանում եր իրան վոտքի վրա պահել: Նրա ձախ թևքից բռնել եր աղջիկը — Մերուժանի քույրը, իսկ աջ թևքից բռնել եր հարսը — Մերուժանի ամուսինը։ Վերջինի առջևում կանգնած եյին Մերուժանի յերկու զավարները։


Դրանց հետևում կարգով կանգնած եր իշխանական ամբողջ ընտանիքը։ Ամենքը սգավորի հագուստով, ամենք արտասվալի աչքերով։ Տեսնելով նրանց Մերուժանը ամբողջ մարմնով դողաց։


— Մայր, — խոսեց նա խռովյալ ձայնով իմ քաղաքացիքը ինձնից յերես դարձրին, այժմ իմ հայրենական տունն ել յուր դռները փակում ե իմ առջև...