Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/237

Այս էջը սրբագրված է

— Վորն ե այն մեծ գործը, վորին դուք զոհում եք կրոնը, յեկեղեցին, — հարցրեց Սամվելը դարձյալ վրդովվելով։


— Հին բռնապետության տապալումը Արշակունիների կործանումը,— պատասխանեց հայրը: — Միթե դու փոքր գործ ես համարում այդ:


— Փոքր գործ չեմ համարում։ Բայց ինչու համար եր կործանում։


— Նրա համար, վոր յեթե մենք նրան չկործանենք, նա մեզ կկործանե։ Միթե դու մոռացել ես, թե վորպիսի կատաղությամբ Արշակ թագավորը և նրա հայրը սկսեցին վոչնչացնել նախարարական իշխանությունները։


— Չեմ մոոացել: Բայց յես դարձյալ կասեմ քեզ, վոր Արշակունիների կամայականության առաջը առնելու համար ուրիշ ավելի դյուրին միջոցներ կան։


— Վոչինչ միջոցներ չկան, բացի այն, վոր արդեն սկսվել ե և պետք ե շարունակվի։ Հայոց նախարարները բաժանվել են յերկու մեծ կուսակցության. մեկը յուր առաջնորդ ունենալով յեկեղեցականներին, աշխատում ե պահպանել հին դրությունը — Արշակունիների քայքայված գահը, իսկ մյուսը, առաջնորդ ունենալով քո հորը և քեռուն կամենում ե վոչնչացնել հինը և ստեղծել մի նոր իշխանություն. շատ բնական ե, վոր այդ ներքին յերկպառակությունը պիտի հարուցաներ և ներքին պատերազմ։ Մեր հակառակ կուսակցությունը դիմեց հռոմեական ոգնության, իսկ մենք դիմեցինք պարսկական ոգնության։ Սկսվեցավ ներքին կռիվը ներքին արյունահեղության հետ։ Թե ինչով կվերջանա, — այդ աստծո ձեռքումն ե, բայց առայժմ հաջողությունը մեր կողմն ե:


— Գիտեմ ձեր կողմն ե, բայց խաբուսիկ հաջողությունը թող չհրապուրե ձեզ... — Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ և բռնեց հոր աջը ասելով. — Լսիր, հայր, ընդունիր տառապյալ վորդուդ աղաչանքը, մի արատավորիր Մամիկոնյանների պայծառ անունը հավիտենական ամոթով։ Դեռ ուշ չե։ Դեռ կարելի յե վնասի կեսից հետ դառնալ։ Ցրվեցեք այդ անիծյալ պարսկական բանակը, վորի ներկայությունը պղծում ե հայոց յերկիրը։ Հեռացրեք պարսիկներին: Ազատություն շնորհեցեք հայոց գերիներին, թող գնան իրանց տները և սրբեն ազգականների արտասուքը։ Թող չլինի կռիվը, թող չլինի պատերազմը, վոր այնքան աղետն երի, վոր այնքան թշվառությունների պատճառ դարձավ։ Թող կրկին վերականգնվի հաշտությունը, և հայոց աշխարհը վայելե իր նախկին խաղաղությունը։ Յես կգնամ Մերուժանի մոտ, նրանից ես նույնր կխնդրեմ, կաղաչեմ և կհամբուրեմ նրա վոտները, վոր ընդունե իմ խնդիրը։