Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/272

Այս էջը սրբագրված է

կղզու մեջ պահված մագաղաթները հետազոտելու համար։ Արդյո՞ք այդ ևս մի պատրվակ չեր, վորի մեջ թագնված եյին այլ նպատակներ...


Յես ել լուռ եյի, բայց յես ջրանցքի, նավագնացության և ծովի վրա չեյի մտածում. իմ մտածությունները շատ անմեղ եյին. յես մտածում եյի միայն Ծովիկի վրա։ Մտաբերում եյի, թե ինչպես նա միջորեյի սաստիկ տոթի ժամանակ, ծառերի ճյուղերի վրա բարձրացած, նախշում եր խնձորները, մտաբերում եյի, թե ինչպես գիշերային լռության ժամանակ, լսելով մոր ձայնը, նա ցած իջավ կտուրից, տարավ, հանգստացրեց դժբախտ մորը. մտաբերում եյի, թե ինչպես առավոտյան, յերբ մարդիկ դեռ նոր եյին զարթել, իսկ նա վերադառնում եր հեռավոր աղբյուրից. մտաբերում եյի նրա սրտագին խոսակցությունը, և վերջապես՝ կոտրած սանդրը... և ամաչում եյի Ասլանից, հանել այդ թանգագին հիշատակը, նայել, յերկար նայել նրա վրա... Այդ բոլորի հիշողությունները, վորոնց մեջ փայլում եր կայտառ աղջկա սիրտն ու հոգին, պատկերացնում եյի իմ մտքի մեջ, և համեմատություն եյի անում նրա, Մարոյի և Սոնայի մեջ...


Այդ համեմատությունը յերկար զբաղեցրեց ինձ, մինչև հեռվից, նուրբ մշուշի մեջ, նշմարեցի Կտուց կղզին։ Սկսյալ յերեխայությունից, այնքան զարմանալի պատմություններ եյի լսել այդ կղզու անապատականների մասին, վոր ցանկանում եյի շուտ տեսնել նրանց, համբուրել նրանց սուրբ աջը և առնել նրանց փրկարար որհնությունը։ Լսել եյի, թե ինչպես նրանք իրանց փիլոնները տարածում եյին այդ ծովի ալիքների վրա, կատաղած ալիքները իսկույն հանդարտվում եյին, և նրանք նստում եյին փիլոնի վրա, վորը վորպես մի ամրակազմ լաստափայտ, լողում եր ջրերի յերեսին և տանում եր սուրբ հայրերին, վորտեղ վոր նրանք ցանկանոսմ եյին։ Լսել եյի, թե ինչպես նրանք մոտենում եյին իրանց կղզու ափերին, կանչում եյին և, ձկները նրանց ձայնը լսելով, ուրախ—ուրախ վազում եյին դեպի յեզրը, և նրանք ձեռքները մեկնում, բռնում եյին ձկներին , նայում եյին նրանց վրա, զվարճանում եյին և կրկին թողեում, եյին ջրերի մեջ ազատ ու անհոգ ապրելու։ Վերջապես, ինչ հրաշալիք, ասես, չեյի լսել նրանց մասին, և այդ բոլորը մտաբերելով իմ սիրտը լցվում եր սրբազան ջերմեռանդությամբ, և յես ինձ անչափ յերջանիկ եյի համարում, վոր պիտի տեսնեմ սուրբ հայրերին:


Նավաստին, յերևի, վոչ մի բանի վրա չեր մտածում, նա նիրհում եր։ Թիկն տված նավակի կողքին, պառկել եր նա, և յերբեմն,