լոր ուշքը, միտքը գրավել եր յերիտասարդ վարժապետը։ Նրա մասին եյի մտածում, նրա այրական սիրելի պատկերն եր իմ աչքի առջև:
Յերբ տեր հայրը սկսեց նրա մասին խոսել, յես մեծ ուրախությամբ
լսում եյի:
— Յեկեղեցու բակումն ե բնակվում ,— ասաց նա, — այնտեղ
դպրոցին կից, իրա համար յերկու սենյակ ե շինել տված։ Այդ սենյակները
մեր խրճիթների նման գետնափոր չեն, դուք, ի հարկե,
առավոտյան կտեսնեք, թե վորքան հարմարություններով են շինված։
Նա միշտ խորհուրդ ե տալիս, հորդորում ե գյուղացիներին,
վոր դուրս գան գետնի տակից և այն ձևով բնակարաններ շինեն։
Ասում ե, վոր գետնափոր խրճիթը շատ վնասակար ե առողջության,
այնտեղ չե թափանցում վոչ արևի լույսը և վոչ ոդի մաքրությունը։
— Գյուղացիք հետևում են նրա խորհուրդներին, — հարցրի յես։
— Շատերը հետևում են. ով վոր նոր տուն ե շինել տալիս,
այնպես ե շինում, վորպես նա ցույց ե տալիս։ Նա մեզ բացատրում
ե, թե տան ձևը վոչ միայն մեծ նշանակություն ունի մարդու
առողջության վերաբերությամբ, այլ սաստիկ ազդում ե նրա
բնավորության, մտքի և հոգեկան տրամադրության վրա։ Յեթե հայ
գյուղացին, ասում ե նա, այդքան ծածկամիտ, նենգավոր և միևնույն
ժամանակ՝ այդքան մռայլոտ ե, — յեթե նա կորցրել ե յերգելու և
ուրախ լինելու ընդունակությունը, — գլխավոր պատճառներից մեկը
այն ե, վոր ապրում ե գետնի տակ, խուլ մթության մեջ:
— Ձեր գյուղացիք նույնպես գետնի տակ են ապրում, — նկատեցի
յես, — բայց բավական ուրախ են, բավական պարզ սիրտ և
լուսավոր միտք ունեն։
— Այդ նկատողությունը յես ել մի անգամ արեցի նրան։ Նա
պատասխանեց. դրսի կյանքը՝ ազատ և արձակ ոդի մեջ՝ մեղմացնում
ե գետնափորի ազդեցությունը։ Դուք, ասաց, տարվա մեծ
մասը անց եք կացնում դաշտերում, լեռների վրա, և ձեր վրաններով՝
ձեր անասունների հետ՝ բնակվում եք ձեր արոտատեղիներում։
Ազատ բնությունը ներշնչում ե ձեր մեջ ազատ սիրտ և
ազատ հոգի։ Ձեր գետնափոր խրճիթները ձեզ համար ժամանակավոր
ձմերանոցներ են միայն։
Անհամբերությունը ինձ այնքան տանջում եր, վոր չսպասելով
մինչև առավոտ, վոր գնայի և անձամբ տեսնեյի բոլորը, — յես ցանկանում
եյի վարժապետի սենյակների, նրա նիստ ու կացի, և առհասարակ
նրա կենցաղավարության մասին՝ կանխապես տեղեկություն
ստանալ քահանայից։ — Ցանկանում եյի խոսել, մինչև լույս
խոսել եմ սրտին շատ մոտ յերիտասարդների մասին և բնավ չքնել: