Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/281

Այս էջը սրբագրված է

գեղեցիկ պարտեզ։ Յերբ նրան ասում ես վարժապետ, այդպես չե կարելի, մի փոքր հանգստացիր։ Նա սովորաբար պատասխանում ե. «Հանգստությունը մեզ համար չե, մենք շատ հետ ենք մնացել, և այդ պատճառով, շատ բան ունենք սովորելու և անելու... Մեզ պետք ե շտապել»...


— Միայն ձե՞ր գյուղով ե զբաղված նա։


— Վոչ միայն մեր գյուղով, այլ մեր շրջակայքի բոլոր գյուղերը գնում ե նա։ Ձիուց ավելի արագ ե ուղեգնացության ժամանակ, և յերբեք ձի չի նստում, այլ սովորություն ունի միշտ վոտքով շրջել։ Ամեն գյուղում ճանաչում են նրան, ամեն տեղ հարցում են, և ամենքը աշխատում են նրա խորհուրդներից ոգուտ քաղել։ Մինչև անգամ քուրդ գյուղացիների համար նա չե խնայում իր աշխատությունները։ Յերբ նրանից հարցնում են, թե դրանց հետ ինչ գործ ունես, դրանք խոմ մեզանից չեն, նա պատասխանում ե. «Դրանք մեր հարևաններն են, յեթե դրանք քաղցած մնան, մեր հացը կխլեն մեր ձեռքից։ Յեթե ցանկանում եք, վոր քուրդը գողություն չանե, պետք ե աշխատեք սովորեցնել նրան, վոր իր վաստակով ապրուստ հայթայթե»։ Նա քրդերի ուսման մասին ել ե հոգ տանում։ Նրա դպրոցում միքանի քուրդ յերեխաներ կան, և նրանց ավելի շատ ե սիրում քան թե մեր յերեխաներին։ Մի անգամ այդ յերեխաներից մեկը հիվանդացավ. նա կատարյալ գժվածի նման եր այդ միջոցում. ամբողջ գիշերներ նստում եր նրա անկողնի մոտ, խորին տխրությամբ նայում եր նրա վրա, կարծես, շնչառության ամեն մի վայրկյանը համարելիս լիներ։ Այնքան հոգ տարավ, մինչև առողջացրեց։


— Քրդերը նույնպես սիրում են նրան։


— Վոչ միայն սիրում են, այլ և սաստիկ հարգում են։ Չե՞ վոր սերը սերից առաջ կգա։ Քուրդն ել մարդ ե, զգացմունք ունի, խո գազան չե։ Յեթե գազան ևս լինի, սերը, անկեղծ սերը, նրան մարդ կդարձնի։ Յերբ դու գազանին սկսում ես սիրել, փայփայել, յերբ սկսում ես նրա քաղցած փորը կերակրել, նա փոքր առ փոքր մոռանում ե իր գազանությունը, մտերմանում ե քեզ հետ և սկսում սիրել քեղ: Դրա համար մեր տեր Հիսուս Քրիստոսը ասում եր «սիրեցեք միմյանց»։ — Շատ անգամ նա ինձ ասում ե. «Այդ ձեր գործն ե, տեր հայր, տարածել սերը. դուք չպիտի զբաղվեք միայն մկրտություն, պսակ, թաղում կատարելով»։ Ճշմարիտ ե, բոլորովին ճշմարիտ ե, այդ մեր դործն ե սիրո տարածելը։ Բայց մենք վոչինչ չսովորեցինք. մենք քահանա դարձանք, առանց քահանայի սրբազան պաշտոնի արժանավորությունները ունենալու։