Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/30

Այս էջը հաստատված է

սար ու ձոր կամ նոր եր ծաղկել կամ նոր ծերացել, մահվան դուռն ընկել. շունչն եր մնացել՝ վոր տա, ու աշխարքիս բարով մնա ասի։ Ղուշ, գազան, անասուն, սողուն, վորը փետացել՝ եստեղ ենտեղ վեր եր ընկել, վորն ել վաղուց, ամսով առաջ բունը մտել՝ ձենը կտրել, պաշարը վայելում, գարնան գալուն սպասում։ Գետերի, առվների յերեսները սառիցը մեկ գազ եկել, հաստացել, իրար վրա դիզվել՝ ենպես եր ջրի. աղբրի բերնին հուփ տվել, վոր մոտներին կանգնողը միմիայն նրանց խուլ ձենն եր լսում, վոր սառցի տակին տխուր, տրտում, քլքլում եր ու ել յեդ եստեղ ենտեղ կամաց կամաց ձենը կտրում, պապանձվում, սառչում։

Արեգակը ես առավոտ՝ վոր գլուխը քնի տեղից ու աղոթարանից չի բարձրացրեց ու աչքը աշխարքի վրա քցեց, շողքը սարերի գագաթին, դաշտերի գլխին ենպես եր պեծին տալիս, պսպղում, փայլում ու սառցի, ձնի հետ խաղում, ծիծաղում, կանաչ ու կարմրին տալիս՝ վոր հենց իմանաս թե ալմազ, զմռութ, յախութ ու հազար տեսակ տեսակ անգին քարեր ըլեյին դաշտերի, սարերի գլխին, յերեսին, դոշին փռած։ Սարերի սառը բուքը, ձորերի դառնաշունչ քամին՝ ձնի թեփը իրար գլխով տալիս, վոր ճամփորթի քիթն ու պռունգը կպցնում, ճաքացնում, յերեսը պատռում, գլխին, յերեսին հազար անգամ խփում, աչք ու բերան լցնում, շատին կամ ձորերն եր քցում, թե խեղդում, կամ ձնումը թաղում, շունչը կտրում, կամ վոտ ու գլուխ փետացրած, ճամփից խռկում, սար ու չոլ քցում, խեղդում կամ քարեքար տալիս։

Եսպես մեկ խիստ ձմեռվան որի լիսն ու մութը վոր բաժանվեցավ ու աղոթարանը բաց ելավ՝ Քանաքռցիք[1] քնից վեր կացան, տան երթիկները բաց արին, յերեսները լվացին. մեկ յերկու խաչ հանեցին, բարի լիս ասացին իրար, յերեխեքը ծածկեցին. ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը։ Մեծ մարդիքը միրքըները սանդրելով, պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին՝ կամաց-կամաց տանից դուրս ելան ու տեր վողորմյա քաշելով, Հայր մեր ասելով, հրաժարիմքը կամ Հավատով խոստովանիմը քթների տակին փընթփընթացնելով՝ իրար վողջույն տալով՝ շատը իր տակը քցելու շորը կամ մորթին ձեռին բռնած՝ քիթ քթի տված գնացին ժամ, դուռը պաչեցին, են վախտը վրա հասան՝ վոր տերտերը դեռ չեր եկել․ ժամկոչին ասեցին, վոր զանգակը քաշի ու իրանք՝ մեկ քանի ծունր

  1. Յերևանուցը հինգ վերստ հեռու մեկ գեղ, հյուսիսային կողմն ընկած, տեղը բարձր, ջուրը քաղցր, ոդը գեղեցիկ. չորս կողմը բաղերով լիքը, մեջը յերկու հրաշալի յեկեղեցի․ հազար քյալավա ու այժմ հիսուն տուն կա։ Ամառվան տեղը Յերևանու խաների։