Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/310

Այս էջը սրբագրված է

Նույն որը մնաս բարև ասաց նա յուր նոր բարեկամներին, հավաքեց յուր իրերը և գնաց տեղավորվեցավ իշխան Կաբիլկինի տանը։ Նորա պատուհանները դարձած եյին Նևայի վրա։ Համալսարանը գրեթե դեմուդեմն եր։


Իշխանը ընդամենը յերկու զավակ ուներ. մի վորդի՝ իննը տարեկան, վորին Պաժերի վարժարանի համար պետք եր պատրաստել, և մի դուստր, տասնվեց տարեկան, վորին արդեն մի փոքր ճանաչում ենք։ Վորդու անունն եր Միշա, իսկ աղջկանը Յեվդոկիա։


Ալթմազովի պարապմունքի համար յես շատ բան չեմ ասիլ։ Ինչպես վոր պատմությանս սկզբանը հիշել եյի, նա արդեն տասընմեկ տարեկան հասակի և բնավորության աշակերտների հետ պարապել եր գրեթե ամեն գիմնազիական առարկաներեն, ուրեմն մանկավարժության մեջ նա շատ հմուտ և վարձառու յեր: Նորա գիտության համար խոսելն ևս ավելորդ ե, վասն զի նա, յուր աշակերտության միջոցին, վոչ մի վարժապետի խոսք, վոչ մի դասագրքի տող առանց ուշադրության, առանց սերտելու թողուցած չեր: Յերբոր փորձի համար առաջին դասին ներկա եյին իշխանը, իշխանուհին, նոքա մի ժամի մեջ համոզվեցան, վոր Ալթմազովը նոցա զավակներին, յեթե նորա բոլորովին ծույլ, բթամիտ և ուսումնատյաց լինեյին, անպատճառ մի բարի վերջի կհասցներ։ Ալթմազովը խոսում եր ամենահասկանալի լեզվով. քերականական կանոնները, մաթեմատիկական տեորեմաները այնպես պարզ առաջներն եր դնում, վոր աշակերտը գրեթե առանց վարժապետի ոգնության հասկանում եր: Վաղվա դասերը այսոր այնպես լավ բացատրում եր աշակերտին, վոր մինչև անգամ նորա կարիք չունեյին դասագրքեն մյուս անգամ սովորելու կամ ինքներն իրանց ստուգելու։ Առաջվանից ասենք. Ալթմազովը գրեթե չորս տարի մնաց նոցա մոտ։ Միշելը քսանվեց քննվող աշակերտների մեջեն առաջինը հանդիսացավ և մտավ վարժարան և մնացած յերեք տարին յետևեյետև փոխում եր դասարանները (Ալթմազովը միշտ վարժատուն եր գնում և դասերը քաղված անել եր տալիս)։ Իսկ Յեվդոկիան հետևյալ տարին փառավոր քննություն տվեց համալսարանումը, և մնացած ժամանակը կատարելագործվում եր մաթեմատիկայի և ընդհանուր պատմության մեջ:


Ալթմազովը յուր վարժապետական պաշտոնը ամենափառավոր կերպով կատարեց իշխան Կաբիլկինի տանը, վոր քանի-քանի անգամ պատրաստ եր նորա ռոճիկը կրկնապատկելու, յեթե յերիտասարդը հոժարեր։ Բայց, նա բացե ի բաց հեռացնում եր իրմեն այդպիսի վարձատրություն. նորա փառասիրությունը ավելի լայն հորիզոն ուներ, քան թե վորքան կարելի յեր սպասել մի խեղճ վարժապետի։