Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/337

Այս էջը սրբագրված է

սնդուկից, և այս մասին չէ հայտնում վոչ Պեպոյին, վոչ ել Շուշանին։ Ազնիվ ծերունին տակնուվրա յե անում իր տունը, փնտռում ե կորած բարաթը, բայց անոգուտ: Իսկ Կեկելի փեսացուն իմանալով, վոր փողը կանխիկ չեն վճարելու, թողնում ե Կեկելին, ուրիշ աղջիկ ուզում։


Զիմզիմովը տեսնելով, վոր մուրհակը կորած ե, ուրանում ե պարտքը։ Պեպոն ընդհարվում ե Զիմզիմովի հետ, անպատվում ե նրան, յերեսին խփելով իբրև վողորմություն առաջարկած նրա 50 մանեթը։ Զիմզիմովը Պեպոյին դատի յե կանչում. դատարանը վորոշում ե Պեպոյին բանտարկել։


Հենց այն միջոցին, յերբ Պեպոն պատրաստվում ե բանտ գնալ, մուրհակը գտնվում ե:


Վախենալով խայտառակությունից, Զիմզիմովը գալիս ե Պեպոյի տունը, խնդրում ե հաշտվել, պարտքը թեկուզ մեկին յերկու վճարելու պայմանով։ Պեպոն չի համաձայնվում, ասելով, թե ինքը կհաշտվի, բայց հրապարակով, դատարանում, ուր նրան խայտառակել եր Զիմզիմովը, ուր յերդվել եր, թե պարտ չե։ «Արի գնանք,— առում ե Պեպոն, — վորտեղ ինձ ես սհաթիս ստեցիր, արի մի ենտեղ ես բարաթը շանց տամ, թող յերեվա, վոր սուտը յես չեմ...»:


Զիմզիմովը չի կամենում, վոր իր խայտառակվելը խալխն իմանա, իսկ Պեպոն չի համաձայնվում գործն ընտանեբար վերջացնել և հոժարակամ գնում ե բանտ, վոր ազատվելուց հետո «ավազակի» հախիցը գա։