Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/367

Այս էջը սրբագրված է

* * *


Դուք ի՞նչ արիք փառավոր նախորդաց
ստրուկ ծնած, անփառք սնած զավակներ.
հայ սար, հայ գետ, հայ դաշտորայք շունչ առած
պիտ ամոթով այրեն ձեր սև յերևսներ։

Ազատության սուրբ պատկերը կործանած,
դուք, ծաղրում եք ազատասեր զգացմունք.
նոր հազկերտի անարգ բագին եք կանգնած
և խայտառակ կատարում եք պաշտամունք:

Ո՜հ, թե յելներ կորած մոռցված դամբանից
Վարդանների առյուծական այն հոգին,
և երկաթի խարազանը թունալից
տար ձեր ժպիրհ, ամոթապարտ ճակատին:

Յեվ արցունքով համբուրեյիք սուրբ շիրիմ,
ուխտ կապեյիք նորից խաչով ու սրով
կանգնեցնել նոր Արտաշատ, Խոխոցիմ
վերջ տալ անարգ այս վիճակին արյունով»...

Յեվ Տղմուտը հառաչում ե սգավոր.
արյուն դարձած կոհակները ալևոր
գնում, գալիս, զարնվում են ափերին,
անցած փառքը հիշեցնում են հայերին:

Անցան դարեր. դեռ ծերունին հեծելով
գիշերները խանգարում ե անվրդով
Ավարայրի անուշ քունը, բայց չունի
նա ուժ քունը խանգարելու հայերի...

ԱՐՏԱՎԱԶԴ



Զարկեցեք, դարբիններ, կռանը սալին,
զարկեցեք կռանը — շղթայքն ամրանան,
անիծյալ արքայի կապանքն ամրանան.
զարկեցեք, դարբիններ, կռանը սալին։

Առարկու ամպերը յեկան ժողվեցան,
ծեր Մասյաց ճակատին սև քող փաթթեցին
գոռում ե փոթորիկ գազանի նման,
հառաչում, սուլում ե կատաղած քամին։

Զարկեցեք կռանը. խորունկ քարայրիդ
ահա չար հողմի հետ հասնում են ձայներ...
ցոլացավ փայլակը-արքայի աչքից
դեպի վեր թռչում են բարկության կայծեր։

Կամի նա յելանել վրեժխնդիր հոգով
յուր անվերջ տանջանքի թույնը մահաբեր
աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով,
քայց ամուր են նորա ծանր շղթաներ։