Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/368

Այս էջը սրբագրված է

* * *


Մտերիմ գամփռերը կրծում են կապանք,
կրծում են անդադար կապանքն արքայի...
Արտավազդ, վերջ չունի հոգուդ տառապանք,
և դեռ շատ հեռու յե վախճանն աշխարհի։

Յեվ անզոր չարության քո կուռ հարվածներ
դեռ պիտի փշրվին մեր մուրճի տակին
մենք սպասում ենք դեռ ես գեղեցիկ որեր,
դեռ հաշտ ե յերկինքը մեղսոտ աշխարհին։

Բայց յեթե քարացած մենք չենք լսելու
նոր կյանքի կոչն հուժկու, և վերածնության
սրբարար ավազան մեզ չե փրկելու,
Արտավազդ, փշրվի թող մեր կուռ կռան։

Մենք ել չենք զարկելու յերկաթի սալին,
թող կրծեն գամփռերդ վոտքիդ շղթաներ,
արձակվին բազուկներդ, և դու աշխարհին
դուրս արի բերելու կոտորած, ավեր...

Բայց վոչ. հավատում ենք դեռ մենք փրկու
մեզ մի նոր յերկնքից նոր լույս կբացվի,
և տեսնում ենք ահա արդեն ծիածան
մենք ազատ, լուսավոր մի նոր վիճակի...

Զարկեցեք, դարբիններ, կռանը սալին,
զարկեցեք կռանը—շղթայքն ամրանան,
անիծյալ արքայի կապանքն ամրանան.
զարկեցեք, դարբիններ, կռանը սալին։



ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ


Բալլադ.




Յերկնեց յերկին և յերկիր,
յերկնեց և ծով ծիրանի,
և յեղեգնիկը կարմիր
յերկնեց ծովում ծիրանի։

Ծուխ ե դուրս գալիս յեղեգան փողից,
բոց ե դուրս գալիս յեղեգան փողից.

բոց ե պատել կարմիր յեղեգնիկ,
բոց ե դարձել և ծով ծիրանի.
կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՝ մանուկ գեղանի։

Բոց մորուքով,
հուր շրթունքով.

հուրհերը գլխին՝ հրեղեն պսակ
և աչերն են զույգ արեգակ։