* * *
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
գնում են գալիս, ծեծում են ափունք.
ահեղամռունչ գոռում ե մանկիկ,
սարսում են ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք, ալիք.
դու ծովահալած դադար առ, մրրիկ:
Թևերն վոսկեհուռ, հրահեր բաշով
նժույգը տակին՝ սլացավ վերև.
յերեսդ ծածկիր համեստ շղարշով,
տես, ով ե գալիս, և դու, հուր-արև։
Գլուխդ ալևոր, քաջածին Մասիս,
դու յել խոնարհիր, Վահագն ե գալիս։
Յերկինք ու յերկիր և ծիրանի ծով
ավետում են քեզ, ցավերի դու ծով.
ցնծա, բյուրվիշապ Հայաստան աշխարհ,
փրկության արև Վահագնիդ տեսար։
ՀԱՏԻԿ
Լույսը բացվոսմ ե, շուտ արտը գնամ,
պատռեմ սար խոփով յես կուրծքը հողի,
իմ սիրուն հատիկ,
քեզ նրան պահ տամ
մինչև որերը ամրան արևի։
Թաղեմ քեզ, հատիկ,
և դարդս քեզ հետ.
թե աստված ուզեց, դու կանաչեցիր,
թող դարդս մեռնի գետնի տակ անհետ,
դու ինձ մխիթար, կրկին տուն դարձիր։
Յեվ ջերմ աղոթքով տիրամոր առջև
յես մոմ կվառեմ, յես խունկ կծխեմ,
վոր քեզ պարգևե մի առատ անձրև,
վոր քեզ միշտ սիրով նայե խնդադեմ։
Բայց թե այդ շնորհին
մեղքերիս համար
արժան չըլնիս, ծով կդարձնեմ
յես տաք քրտինքը ճակտիս արևառ,
վոր քեզ, իմ հատիկ, ծարավ չթողնեմ։
Ծլիր կանաչիր, վոսկե սավանով
ծածկիր իմ արտը վողջ ալեծածան,
նոր այն ժամանակ անուշ շրշյունով
տուր ջարդված սրտիս
մի քուն հանգստյան։