Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/396

Այս էջը սրբագրված է

ապրանք ե, և պիտի տեսնես, վողջ տեղն ե հագնելու։ Մի պապիրոս չունի՞ս, վարժապետ։


Շինեցի ու տվի։ Վառեց, բուռն շնչով միքանի անգամ ծխեց և դեմքը խոժոռ, վշտերով ակոսված, լուսնի տխուր փայլի տակ դիպի հորիզոնը ուղղած՝ մնաց լուռ և մտախոհ։


Նավակը սրանում եր, ճեղքում սև ջրերը և ծփում մեծ ալիքների վրա։


ԱՐՏԸ


Անիից եյի վերադառնում և անցնում հայկական մի գյուղի միջով։


Գիշերը սաստիկ անձրև եր յեկել. այնքան սաստիկ, վոր շատ պատեր ու խրճիթներ փլցրել եր։ Փողոցներից հեղեղներ եյին վազում քչքչալով։


Յերկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված եր դեռ ելի մեկ—մեկ անձրևում եր։


Լույսը նոր եր բացվել: Կանչում եյին միքանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում եյին յեկեղեցու զանգակները։ Խրճիթների յերդիկներից սկսել եյին ծխի սյունյակներ խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա։


Ձիուս սանձը քաշեցի և վոչ իսկ արագ քայլել եր հնարավոր փողոցներում առվակներ եյին գոյացել:


Գյուղի վերջին խրճիթին եյի հասել, յերբ նրա դուռը ճռոնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, միքանի մանուկների ճիչեր ականջիս հասան, և առաջս դուրս յեկավ մի ալեզարդ ծերունի բահը ուսին։


Մի վայրկյան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտռեց քայլելու։ Քիչ հետո գյուղից դուրս եյինք յեկել: Յես ել նրա քայլերով սկսեցի գնալ։


Դեմ ու դեմ, ալիքաձև բարձրանալով մինչև մշուշալից հորիզոնն եր տարածվում սև լեռնաշղթան։


Նրա կուտակված տարածությունը վերևից թագնվում եր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով։ Ձյուն ել, թվում եր վոր կար, բայց շատ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեյին կարծես։


Թանձր, սևագույն սպիտակախառն մշուշը ծանրացել եր նա և ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը։ Տեղ—տեղ ցանցաձև, յերկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց եյին տալիս, վոր խիստ անձրև եր տեղում զանազան կողմերում։