Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/398

Այս էջը սրբագրված է

— Մի՞թե վնասվել ե։


— Չգիտեմ դեռ, — ասաց նա խեղդված ձայնով, — գուցե աչքերս չեն տեսնում... Ծերացել եմ...


Առաջ գնացինք։ Մոտենում եյինք։ Քայլերն ավելի դժվարանում եր. վերևից գրեթե ցեխի հեղեղ եր վոր իջնում եր ցած, խառն ծիլերով, ցողուններով...


Ծերանին հևում եր. շունչը կտրվել եր: Քիչ ել քայլեցինք: Ե՛լ կանաչ չեր յերևում, ել ցեխի հեղեղ և ջուր եր վոր տեսնում եյինք. ավերիչ, ապականիչ հեղեղ...


Միքանի քայլ անելուց հետո կանգ առավ ծերունին և բահը ուսից ցած թողեց։


Իր արտի կողքն եր։ Թշվառ արտ...


Վերևից, փոսերի մեջ գոյացած ջրերը պատռել եյին իրենց թումբերը, ուժգնությամբ ցած հոսել և գրեթե սրբել եյին արտը։ Տեղ-տեղ ռազիսների պես մնացել, իրենց մերկ արմատներն եյին ցույց տալիս ցորենի ծիլի կղզյակները:


Յերկար, կանաչ յերկար շերտեր միմյանց վրա, արմատախիլ, ջարդված, հոգևարք, սահել եյին ամեն ուղղությամբ և թաթախվել ցեխով։ Վոմանք մինչև վիզը խրվել, ուրիշները հազիվ եյին յերևում...


Հողն ամբողջ կանաչել եր նրանց դիակներով...


Յեվ անձրևը տեղում եր, տեղում ու իր խոշոր կաթիլներով ճղփացնում լճացած ջրերը:


Ընկավ բահը ծերունու ձեռքից, աչքերը մթնեցին, ծնկները կթոտեց և նա տեղն ու տեղը, իր ընտանիքին կերակրող ցորենի դիակների կողքին նստեց ու գլուխը ձեռքերի մեջ ծածկեց...


Ձիս քշեցի և հեռացա։ Մխիթարական վոչ մի խոսք ասելու սիրտ չունեցա։


Յեվ յերբ հեռվից յետ նայեցի, տեսա թշվառ ծերունուն միշտ նույն դիրքի մեջ, նստած իր ավերված արտի կողքին, գլուխը ձեռքերին և ալեզարդ մազերը տեղացող անձրևի տակ...


ՄԵՐԿ ԴԵՐՎԻՇԸ


Ինչպես շները, այնպես ել մուրացիկները Թեհրանում, ունին իրենց քաղաքամասը, վորից այն կողմն անցնելու և մուրալու իրավունք չունեյին միառժամանակ։ Այդ բաժանումը միքանի ամսից հետո, ըստ յերևութին, փոփոխության ե յենթարկվում։ Մի քաղաքամասի մուրացիկ, վոր ամիսներից ի վեր անդադար անցորդներին ձանձրացնում եր այդտեղ, հանկարծ չի յերևում այլևս. մի-