Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/409

Այս էջը սրբագրված է

— Ո՞վ, աբեշչիկը, — կանչեց Թեոսը, — չի կարալ... եդքան գազոնը գիտենք...


Ապա ժպտաց, սրբեց քրտինքն ու յեկավ մոտս։ Նստել եյի քարակույտերից մեկի վրա։


— Չի կարալ. — ավելացրեց անվստահորեն, — շատ—շատ գանգատ կտա, պրատակոլ կշինի, կկանչեն, հրեն, այ, են կեսը ցույց կտամ... իրանք ել կտենան, վոր անպետք, դեն գցած հող եր, կծիծաղեն աբեշչիկի վրա ու... բան չեն ասի։


Գլուխս յերերցրի։ Միամիտ Թեոս։ Ըստ յերևութին յերբեք գործ չեր ունեցել այն անհամար չինովնիկների հետ, վորոնք ծիծաղել գիտեն միմիայն իրենց զոհերի ճիչերի վրա, վորոնք վոչ մի առիթ չեն փախցնում Թեոսներին անգամ տանջելու, ճզմելու...


Ապահով եյի, վոր Թեոսի արածը գաղտնիք մնալ չեր կարող: Անշուշտ անտառի թե պահապանը և թե ոգնական հսկողները լսած պիտի լինեյին։ Մի որ գյուղում, իմ ներկայությամբ իսկ, յերբ Նիկոլը հարցրեց աբեշչիկին, թե գիտեր նա արդյոք «ուզուն—ախմախի» արածը—պահակը ժպտաց ու ասաց. — Գեիտեմ։ Թող անի, ի՞նչ կա, տերությունը ուրախ կըլի, վոր իրա հողերը ըտենց մաքրեն ու պետքական դարձնեն։


Գյուղացիք միմյանց նայեցին, հասկացան ու քրքջացին:


Բայց յերևի այդքան ել անխիղճ չեր աբեշչիկի ոգնական Ավագը, վոր մի որ հրացանն ուսին՝ տնկվեց հանկարծ Թեոսի առաջ ու գոչեց.


— Ադա, եդ ի՞նչ բանի յես, այ ուզուն-ախմախ։


Թեոսը մաճի վրա ընկած, գոմեշները քշողների «հորովելին» եր ձայնակցում։ Թեև տեսավ Ավագին, բայց չլսեց ասածը։


— Բո, քեզ հետ չե՞մ... եդ ինչ բանի յես ե՜ ե՜...


— Հո, հո... կանգնեցրեց գութանը Թեոսը և դարձավ դեպի յետ։


— Ի՞նչ կա, Ավագ, խեր ըլի։


— Ադա, — ձայնեց ոգնականը, — բա դու խո չես գժվել։ Եդ ուր ես կազյոննի հողը վարում, կասես քոնը ըլի։


— Յանի վո՞նց... ժպտաց շփոթված Թեոսը. — ես խո անպետք, դեն գցած հող ա։


— Վո՞նց թե դեն գցած, — ձայնն ավելի բարձրացրեց Ավագը,— տո քե՞զ ինչ, տերությանը չի՞. կուզի անպետք կթոդա, կուզի կվարի: