Գիտեյին այդ գյուղացիների խմբերը, վորոնք հետազոտության յելան։
Մի խումբը բռնեց ակունքի ճանապարհը, մյուսը ձորը մտավ,
մտածելով, վոր գուցե լեռներից մի խոշոր ժայռ գլորվել-փակել եր
ընթացքը և փոխել նրա հեղեղատը։ Յերրորդ խումբը քայլեց գլխավոր
ճյուղն իվեր դեպի լեռնաշղթայի ծործորները, և յերկու
մյուսները բահերով ու թիերով զինված՝ գնացին մաքրելու մյուս
ճյուղի ակունքը, յենթադրելով, վոր լցվել եյին նրանք ավազով և
կամ փուխր բլրակներ փլած՝ լցրել եյին նրանց։
Յերկար դաշտի բնակիչները լուրերին սպասում, մյուս կողմից
նկատում եյին, վոր վոչ միայն ջուրը չեր մեծանում, այլ ավելի
և ավելի յեր պակասում։
Խմբերից շատերն այդ միջոցին հոգնեցուցիչ ճանապարհներով
քայլեցին վտակներն իվեր։ Վոչ մի հողաթումբ չեր բլել, վոչ մի
ժայռ չեր գլորվել, ջրերի հեղեղատները չեյին փոխվել:
Միայն նկատեցին, վոր նույնիսկ վտակները փոքրացել եյին.
իսկ թե վորտեղ եր անհետանում ջուրը կամ ինչպես, ի՞նչ ճանապարհով —
վոչ վոք իմանալ չկարողացավ։
Ու տասն և հինգ որյա շրջագայությունից հետո բոլոր խմբերը
կենտրոնացան ակունքի մոտ և խորհրդի նստան։
— Ակներև ե, — ասաց մեկը. — ջրերը պակասում են գետերից.
թե ի՞նչպես կամ ուր են գնում — մենք այդ իմանալ չկարողացանք։
— Ինձ թվում ե, — խոսեց մի ուրիշը, — վոր վտակների տակ
անդունդ ե գոյացել և կլանում ե ջրերը։
— Պտույտներ պիտի լինեյին կամ վորևե այլ նշան, — առարկեց
մի յերկրորդը. — մինչդեռ վոչ մի այդպիսի նշան չկա, վորքան
մենք կարողացանք ուշադրությամբ հետազոտել։
— Այո, չկա, բայց կա այն փաստը, վոր ջրերը կլանվում են
և մի ամբողջ հասարակություն ծարավ թողնում։
— Գուցե անհայտ չարագործներ, ստորերկրյա, վարպետությամբ
շինված ճանապարհներով, գողանում են ջուրը. — հայտարարեց
մի փորձառու գյուղացի։
— Այդպես բանի նշան ել չկա:
Յեվ յերկար վիճում եյին, զանազան յենթադրություններ
առաջադրում, թե ինչպես ջուրը ամբարեն և դաշտին բավականացնեն։
Յեվ յերբ այդպես տաք վեճի մեջ եյին, հանկարծ մի յերիտասարդ,
վոր հայտնի յեր հայրենակիցների մեջ վորպես այլանդակ
մտքեր արտահայտող և խենթ, գոչեց այն կողմից.