— Լսեցեք, թե ինչ կասեմ ձեզ, յեղբայրներ... Մեր ջրերը կլանողը վոչ այլ վոք ե, յեթե վոչ մի վշապ, վոր բուն ե դրել այդ լեռներում և հետզհետե սպառում ե մեզ կյանք տվող աղրյուրները... Մի վիշապ ե այդ..
Բարձրացավ ընդհանուր քրքիջ, հետո ծաղրի կարկուտ թափվեց
խենթի գլխին։ Բայց սա անվրդով և հետզհետե ավելի հաստատուն
ու վճռական գոչում եր.
— Կրկնում եմ ձեզ, յեղբայրներ. մի վիշապ ե այն, վոր մտել
ե լեռների մեջ. շուտով յեղած ջուրն ել կչորացնի և, պիտի տեսնեք,
կլանելով պիտի մեծանա, ծարավը պիտի աճի, խմելու փափագը
պիտի ավելանա և այլևս չգտնելով, պիտի գա արյուն
խմելու...
Այդպես խոսեց խենթ մարդը, և նրա յեղբայրները վոչ միայն
ծաղրեցին, այլև նախատեցին նրան, ջանացին լռեցնել, հետո ապտակեցին,
ծեծեցին և ստիպեցին, վոր դադարեր հիմարություններ
ասելուց։
Բայց նա գոչում եր համառությամբ.
— Վիշապ ե այն, յեղբայրներ, ասում եմ ձեզ. քանդեցեք
ակունքը և կտեսնեք. հետազոտեցեք խորքերը, մտեք և պիտի հասկանաք...
Ծնվել ե նա, կարճամիտ յեղբայրներ, մեր միջից, մեզանից
ե ծնվել...
— Մեզանից ե ծնվել, — գոչեց բարկացած գյուղի իշխանը.—
ասում ես՝ մեզանից... Խենթ, ասա տեսնենք, մի հիմարություն ել
ասա և հայտնիր մեզ, թե ինչ կին ե այն, վոր վիշապ ե ծնում և
կամ վորտեղից, ինչո՞ւ ծնավ նա։
Ու ծիծաղում եյինք վորովհետև վոչ վոք չեր լսել, վոր մարդկանցից
կարող եր վիշապ ծնվել, և այդ վիշապը, մի ամբողջ գետ
կլանելուց հետո, կարող եր յելնել և մարդկանց արյունը խմելու գալ։
— Խոսիր, — գոչեցին գյուղացիք խենթին, — տեսնենք, գուցե
քո մայրն ե ծնել այդ յերևակայական վիշապին, խոսիր, ի՞նչից ե
ծնվել նա։
— Ձեր քրտնքից... — մրմնջաց խենթը և այնուհետև այլևս
չխոսեց:
Յեվ ինչու խոսեր, միմյանց յետևից միայն այլանդակություններ
եր ասում։ — «Քրտնքից ծնված վիշապ» —դա մի այնպիսի խենթային
միտք եր, վոր հավերի ծիծաղն անգամ կշարժեր, ինչ մնաց
խելքը գլխին, փորձառու, շատ բան տեսած գյուղացիների և պատկառելի
իշխանների...