Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/429

Այս էջը սրբագրված է

ՄՐՐԿԻ ՍՈՒՐԲԸ

(Հատվածներ)

1.

ԳԱՅԼԱՏՎԱ ԼԻՃԸ


Առավոտ եր. Գայլատվա լճակը դեռ չեր ազատվել վաղորդյան մշուշից, վոր մի փոքը բարձրացած ջրի մակերևութից՝ թափանցիկ ամպի պես հանդարտ կանգնել եր վերևում. նա կարծես դժվարությամբ եր բաժանվում իր հեղհեղուտ անկողնից, ուր անց եր կացրել գիշերը լճակի գրկում: Գարնանային առավոտյան շողերով վողողված վճիտ լճակը գրավիչ նազանքով ծփծփում եր հանդարտ, ծույլ-ծույլ շոյում եր իր կանաչազարդ ափերը, նման քնից նոր արթնցած գեղեցկուհու, վոր կիսամերկ պառկած՝ ձգձգվում, հորանջում ե մեղմիվ և պչրանքով ցնցում, փռում ե իր հարուստ վարսերը։ Թեթև զեփյուռն անցնում եր ջրի մակերևութով, ալյակները իրար եյին դիպչում և միևնույն անկողնում կողք-կողքի պառկած չարաճճի մանուկների պես ասես քչփչում եյին իրար ականջում, բաներ պատմում և ապա միահամուռ քրքջոց բարձրացնում։ Ալյակների շարժումից ջրերի մակերևութի վրա անթիվ, մանր պսպղուն ողակներ եյին կազմվում, վորոնք փրփրուն կնճիռների պես փայլփլում եյին և թաղում արևի գրավիչ շողերի յերեսին։


Սպիտակ ձկնկուլները, վայրենի մեծ ու փոքր բադերը և այլ ջրային թռչունների մեծ բազմություն յերազներով թաղում եյին ջրի վրա, հուզում ալիքները, իրանց առավոտյան վորսն եյին անում, սուր ճիչերով խնդակցություն հայտնելով ծագող արևին։ Կարմրախայտ ձիթերը բազմաթիվ վտառներով թաղում եին ափերի մոտ, յերբեմն յերբեմն իրանց վարդագույն թևերը ցույց տալով արևին կամ նրանցից մեկն ու մեկը ցատկում եր վեր ջրի մակերևութից, կարծես ձկնկուլների ճաշակը գրգռելու համար մի վայրկյան պսպըղում, վոսկեզոծվում եր արևի շողերի առաջ, ապա նորեն ծածկվում ջրերի վճիտ ծոցում։


Լճի կենտրոնում մշուշի միջից սևին եր տալիս կղզին, մութ ու անձև զանգված, վոր կարծես լողում եր ջրերի մեջ, իսկ նրա դեմ ու դեմը, ցամաքի մի կտոր, յերկարացած բազուկի պես ձգված մինչև լճի խորքը, կարծես աշխատում եր բռնել, դուրս քաշել ջրերի մեջ մնացած իր յեղբորը՝ կղզին, բայց ալիքները չեյին թողնում, նրանք հուզվում ու խաղում եյին յերկսի մեջ, ասես հեգնելով նրանց անոգուտ ճիգերը: Հեռու, արևելքում Մասիսը սպիտակափառ գլուխը բարձրացրած՝ իր չորս կողմի բլուրների և